Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի երկրորդ հայցն է ներկայացնում Հաագայի արբիտրաժային դատարան

13 Փետրվար, 2025 21:15
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի երկրորդ հայցն է ներկայացնում Հաագայի արբիտրաժային դատարան

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի երկրորդ հայցն է ներկայացնում Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով լիարժեք փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար:

Արդյոք ֆինանսական փոխհատուցման մասին է խոսքը, հայցի մասին հաղորդած ադրբեջանական արտաքին գերատեսչությունը չի մանրամասնել, գրում է Ազատությունը։

Ադրբեջանի կառավարությունը համարում է, որ բնությունն ու կենդանական աշխարհը տուժել են Լեռնային Ղարաբաղում անտառահատումների, հանքարդյունաբերության և հիդրոէլեկտրակայանների կառուցման պատճառով:

Արտգործնախարարությունը նաև հայտարարել է՝ Ադրբեջանը կշարունակի աշխատել Հայաստանին միջազգային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Երևանն ու Բաքուն և՛ խաղաղության պայմանագրի շրջանակներում բանակցում են միջազգային իրավական հայցերը փոխադարձաբար հետ կանչելու հարցով, և՛ Ադրբեջանը փաստորեն նոր հայցի միջոցով շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին:

Ադրբեջանի խոսքի ու գործ միջև մեծ հակասություն կա, կարծում է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

«Քանի որ Ադրբեջանը ցանկություններ է արտահայտում, որ վեճերը իրենց կարգավորումը չստանան իրավական հարթակներում, և այդ ուղղությամբ նաև գործադրում է ճնշում, ցանկալի կլիներ, որ հետևեր այդ մոտեցմանը և հետևողականությամբ իրավական գործընթացները առաջ չմղեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը՝ շարունակելով. - «Մենք այստեղ իրապես հակասող քաղաքականություն ենք տեսնում՝ մի կողմից մեղադրում են Հայաստանին իրավական պահանջատիրություն ցուցաբերելու մեջ, իրավական վեճերը որակում են որպես խաղաղության գործընթացի խոչընդոտներ, մյուս կողմից շատ ստրատեգիկ կերպով առաջ են մղում իրենց դատական գործընթացները ընդդեմ Հայաստանի Հանրապետության»:

 

Լրահոս

Դիտել ավելին