Կարևոր իրադարձություններ

Պետք չի մեր տված թվերի մասին մեզ նորից տեղյակ պահել՝ հետն էլ հաթաթա տալով. ԱՆ խոսնակը՝ շնչառական վարակների մասին

09 Փետրվար, 2025 17:13
Պետք չի մեր տված թվերի մասին մեզ նորից տեղյակ պահել՝ հետն էլ հաթաթա տալով. ԱՆ խոսնակը՝ շնչառական վարակների մասին

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գրառումների եմ հանդիպում սուր շնչառական վարակների թեմայով և մեղադրանքներ, թե իբր առողջապահության նախարարությունը տեղյակ չէ իրավիճակից:

Ամենաթարմ օրինակը` Նաիրա Զոհրաբյանը հնչեցրել է թոքաբորբով հոսպիտալացվածների թիվ, որը մենք ենք հրապարակել ու մեզ ասում է տեղյա՞կ եք այդ թվերից:

Եթե ամփոփ ներկայացնեմ իրավիճակը, ապա`

1. ՍՇՎ + գրիպ իրազեկման աշխատանքները և կանխարգելիչ միջոցառումները սկսում ենք սեպտեմբերից: Կարող եք չզլանալ և ստուգել ՀՀ առողջապահության նախարարություն մեր էջը, NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն էջը, մամուլի հրապարակումները:

2. Այո, ունենք սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն, ինչը բնորոշ է սեզոնի տվյալ ժամանակահատվածին։ Նախորդ՝ շաբաթվա, ինչպես նաև 2024 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացության ցածր է՝ 1,1 անգամ։

3. Մեր մասնագետները համաճարակաբանական ուժեղացված դիտարկում են իրականացնում՝ հոկտեմբերի 1-ից սկսած մինչև մայիս։ Այսինքն՝ իրականացնում են ամենօրյա վերլուծություններ հիվանդացությունների ցուցանիշների՝ համեմատելով այս օրվա ցուցանիշները նախորդ օրվա ցուցանիշների հետ. եթե կտրուկ բարձրացումներ լինեն, անմիջապես արձանագրեն։

4. Կրթական հաստատություններում իրականացվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների և շենքերի ջերմային ռեժիմի մշտադիտարկում։ Սեզոնի մեկնարկից ի վեր նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտ:

5.Մասնավոր առանձին ուսումնական հաստատություններում, դպրոցներում, որտեղ, օրինակ, բացակայությունների թիվը սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ 25 տոկոս և ավելի է, ապա այդ դպրոցն իրավունք ունի անցնելու հեռավար ուսուցման՝ վարակի տարածումը կանխարգելելու համար։

6.Հունվար ամսից մինչև փետրվարի 8-ը ՍՇՎ վիճակի և կանխարգելիչ միջոցառումների մասին մեր կողմից իրականացվել է 65 իրազեկող նյութ (հարզազրույց, մեկնաբանություն, փոստ):

7. Բոլոր թվերը, տվյալները, որոնք տեսնում եք տարբեր լրատվականների վերնագրերում, մենք ենք հրապարակում, որովհետև թաքցնելու ոչինչ չունենք (բնականաբար կանխարգելիչ միջոցառումներն ու մասնագետի խորհուրդներն էլ հետը):

Եվ պետք չի մեր տված թվերի մասին մեզ նորից տեղյակ պահել, հետն էլ հաթաթա տալով:

Առողջություն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին