Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կառուցապատման թույլտվությունների գործընթացները կկազմակերպվեն էլեկտրոնային եղանակով

16 Հունվար, 2025 11:44
Հայաստանում կառուցապատման թույլտվությունների գործընթացները կկազմակերպվեն էլեկտրոնային եղանակով

2025 թվականի հունվարից Հայաստանի բոլոր մարզերը և Երևանն սկսել են կառուցապատման թույլտվություններին առնչվող գործընթացներն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am թվային հարթակի միջոցով։

Համակարգի կիրառության վերաբերյալ հարցերը պարզաբանելու նպատակով «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ պատասխանատուների ներգրավմամբ Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է համայնքների և նախագծային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք։

Հանդիպումների ընթացքում դիտարկվում են հարթակում ներգրավված բոլոր կառույցների գործառույթները, քննարկվում գործնական օրինակներ, ներկայացվում համակարգի բարելավման առաջարկներ։ Նախագծողները և համայնքապետարանների ոլորտային աշխատակիցները հնարավորություն են ունենում հարթակը սպասարկող ընկերության ներկայացուցիչներից ստանալ պարզաբանումներ համակարգի կիրառման ընթացքում տարբեր իրավիճակների, ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ։

Բացի այդ, urban.e-gov.am հարթակով դիմողներին աջակցելու նպատակով ևս կազմակերպվում են խորհրդատվական հանդիպումներ ինչպես Քաղաքաշինության կոմիտեում (Կառավարական 3-րդ շենքի 4-րդ հարկ), այնպես էլ «VX Soft» ընկերության գրասենյակում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6, 3-րդ հարկ (Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի շենք)) աշխատանքային յուրաքանչյուր օր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 16։00-18։00-ն։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» բաժնում (https://urban.e-gov.am/hy/service/permits_online_booking/info)։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին