Կարևոր իրադարձություններ

Կբարելավվեն գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները

16 Հունվար, 2025 15:21
Կբարելավվեն գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ վերջին շրջանում ՌԴ ռուբլու փոխարժեքի նվազման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու նպատակով ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում խաղողի մթերման նպատակով 2022 թ. մինչև սեպտեմբերի 1-ը վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման և 1 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով, իսկ սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը՝ մինչև 4 տարի մարման և 2 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 11 տոկոսային կետով։       Վերջին շրջանում ՌԴ ռուբլու փոխարժեքի նվազման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողները կրում են զգալի վնասներ և դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը։

Վարկերի սպասարկմանը խոչընդոտում են նաև Վերին Լարսի սահմանային անցակետում եղանակային պայմաններով պայմանավորված, ինչպես նաև փորձաքննության և փորձաքննության արդյունքները ստանալու պատճառաբանությամբ կոնյակ արտահանող տրանսպորտային միջոցների տևական ժամանակով հատուկ պահպանվող տարածքում կանգնելու պատճառով մատակարարման ժամկետների խախտման հետևանքները։

Ըստ արտահանող տնտեսավարողների կողմից տրամադրված տեղեկատվության՝ լրացուցիչ փորձաքննության է ենթարկվում արտահանվող ընդհանուր  քանակության մինչև 12 տոկոսը, իսկ փորձաքննության արդյունքների հիման վրա որոշումները կայացվում են 30-ից մինչև 60 օրվա ընթացքում։

Այսպիսով՝  առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացում, ըստ որի՝ ծրագրի շրջանակում խաղողի մթերումների նպատակով 2022 թ.-ին տրամադրված վարկերի համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են մինչև 6 ամսով  երկարաձգվել վարկերի մարման ժամկետները՝ պայմանով, որ վարկերի մարման ժամկետների փոփոխության դեպքում 2022 թ. տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները չեն փոխվում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին