Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ, նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված թեմաներն էին` Հանրապետական շտապօգնության ծառայության ներդրումն ու ընթացիկ աշխատանքները և Առողջության առաջնային պահպանման բարեփոխումները, մասնավորապես գյուղական ամբուլատորիաների միավորման գործընթացը:
Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը կարևորել է առողջապահական բարեփոխումների ընդհանուր ուղղվածության մասին հասարակական հատվածի հետ քննարկումները, նրանց դիտարկումները լսելը և կառուցողական ու բաց երկխոսությունը:
Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը ներկայացրել է 2024 թվականի հունվարին մեկնարկած Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքները` Հանրապետական շտապօգնության (ՇՕ) ծառայություն ստեղծելու ուղղությամբ: Նա մանրամասնել է մարզային ՇՕ ծառայությունների աշխատանքներից, գույքագրված, վերհանված առկա խնդիրներից` առաջարկելով լուծման եղանակներ:
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը խոսել է ընտանեկան բժշկության ինստիտուտի կայացմանը նպաստող աշխատանքներից, գյուղական ամբուլատորիաների կազմակերպաիրավական փոփոխություններից, որի շրջանակներում միավորվում են մի քանի ամբուլատորիաներ` պահպանելով իրենց տեղը, հնարավորություն տալով ընտանեկան բժշկին զբաղվելու բժշկությամբ։
Հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկներով ու դիտարկումներով:
Ամփոփելով նիստը՝ խորհրդի նախագահ Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ և կառուցողական քննարկման համար: