Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծի ընդունմամբ կստեղծվեն Հայաստանում գործող ընկերություններում, հատկապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ:
Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների և ներդրողների ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջև ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը՝ բարձրացնելով ՀՀ ընկերությունների ներդրումային գրավչությունը: Օրինագծերի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ փոխարկելի փոխառության պայմանագրերի կնքման և կատարման համար՝ բարձրացնելով ՀՀ ընկերությունների ներդրումային գրավչությունը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի և տոկոսների կամ դրանց մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր):
Առաջարկվում է նաև սահմանել, որ փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը պետք է սահմանված լինի պայմանագրի կնքման պահին: Հարկ է նշել, որ նախագծով նաև նախատեսվել է ֆինանսական կազմակերպությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրերի կնքման դեպքերի, կարգի և պայմանների սահմանումը թողնել ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներին և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին։
Կառավարությունը հավանություն է տվել ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծերն ընդունվելու դեպքում կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացը և կապահովվի հասցեականությունը՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա նպաստը կնշանակի և կվճարի Միասնական սոցիալական ծառայությունը։ Մասնավորապես, առաջարկվում է հետևյալ կարգավորումը՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստ հաշվարկելու համար հիմք հանդիսացող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվելու է գործող կարգով՝ հաշվարկային ժամանակահատվածում անձի ունեցած եկամուտը 12-ի բաժանելու միջոցով։ Հաշվարկային ժամանակահատվածում եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառվելու է ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։
Միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս, եթե անձը հանդիսանում է համատեղությամբ աշխատող կամ միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվելու է առանձին՝ յուրաքանչյուր գործատուի համար (կամ որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ) և տեղեկատվությունը հարկային մարմնի միջոցով փոխանցվելու է գործատուներին, իսկ մայրության նպաստի դեպքում, հաշվի առնելով բոլոր գործատուների մոտ ունեցած եկամուտը Միասնական սոցիալական ծառայության կողմից նշանակվելու և վճարվելու է մեկ նպաստ։