Կառավարության հավանությանն է արժանացել ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը
Այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել մշակված և շրջանառության մեջ դրված ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը: Նախագծի մշակումը պայմանավորված է եղել գործող օրենքի գործունեության ավելի քան 6 տարիների ընթացքում ի հայտ եկած մի շարք ընթացակարգային խնդիրների վերացման, վերահսկողական գործիքակազմերի հստակեցման և Ծառայության կայացման ընթացիկ փուլում առաջադրված խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու անհրաժեշտությամբ:
Ընդհանուր առմամբ՝ նախատեսված նոր իրավակարգավորումներով կստեղծվեն Ծառայության գործունեության արդյունքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն իրավախախտումների դեպքերի արձանագրման առավել լայն հնարավորություններ: Կհստակեցվեն Ծառայության կողմից ՀՀ վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության նկատմամբ վերահսկողական գործընթացները՝ հնարավոր չարաշահումների և իրավախախտումների բացահայտման, կանխարգելման և արձանագրված փաստերի հետագա ընթացքը լուծելու նպատակով:
Նախագծով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահվելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը: Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը դուրս է բերվելու նախարարության կազմից և գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կազմում։
Գործող օրենքով սահմանված վերահսկողական լիազորությունները կարիք ունեին առավել հստակեցման, ինչն արդեն նոր օրենքի նախագծում կատարելագործվել է, ինչպես նաև հստակեցվել են Ծառայության առանձին իրավասությունների սահմանումները: Բացի այդ, գործող օրենքում առկա են մի շարք ընդհանրական ձևակերպումներ, որոնք գործնականում կարող են տարընթերցումների տեղիք տալ: Նախագծով սահմանված որոշ հասկացություններ և բնորոշումներ հստակեցվել են, ինչպես նաև լրացուցիչ պարզաբանվել են Ծառայության իրավասությունների սահմանումները: Ծառայության վերահսկողական լիազորությունների՝ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը բերվել են ավելի համընդհանուր կիրարկման դաշտ։
Վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում, Ծառայության գործունեությանը խոչընդոտներ ստեղծելու հնարավոր դեպքերը կանխելու և հակազդելու նպատակով, նախագծով սահմանվել են օրենսդրական երաշխիքներ՝ այդ սուբյեկտների համար նախատեսելով վարչական պատասխանատվություն։
Ծառայության լիազորությունների շրջանակներում վերահսկողական լրացուցիչ գործիքակազմեր են նախատեսվել՝ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Բացի այդ, պետական կառավարման համակարգի մարմիններում և ենթակա հիմնարկներում գնումների գործընթացները կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակներում, մոնիթորինգի և մշտադիտարկման տիրույթում են պահվելու նաև տեղական ինքնակառավարման մարմիններում և համայնքների ենթակայության հիմնարկներում իրականացվող հանրային գնումները: Նախագծով նախատեսվել են նաև Ծառայության ղեկավարի կողմից ընդունվող մի շարք հրամանների ընդունման իրավական հիմքերը, կանոնակարգվել են առանձին դեպքերում որոշակի գաղտնիք պարունակող տվյալների ստացման և մշակման ընթացակարգերը:
««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը Կառավարության հաստատումից հետո ներկայացվելու է Ազգային Ժողովի գլխադասային հանձնաժողով՝ հավանության արժանանալուց հետո ներառվելով խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ: