2022 թվականի օրենսդրական փոփոխություններով վերանայվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու իրավակարգավորումները, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Այնուհետև 2024 թվականի օրենսդրական փոփոխություններով վերանայվել և սահմանվել է թույլատրելի նվերների շրջանակը․ ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերն այլևս չեն համարվում նվեր, իսկ օրենքով սահմանված դեպքերում որպես պարգևատրում, պետական պարգև կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույքը, այդ թվում՝ վարչապետի կողմից որպես պարգևատրում տրվող զենքը ներառվել են թույլատրելի նվերների ցանկում:
Սահմանվել են պետությանը հանձնված գույքի տնօրինման եղանակները, այդ թվում՝ շուտ փչացող գույքը, կենդանիները, պահպանման էական ծախսեր պահանջող գույքն անհապաղ իրացնելու, իսկ շուտ փչացող գույքի պարագայում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով՝ ոչնչացնելը:
Այսպես, ամբողջացվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների, օրենքով սահմանված դեպքերում պետության սեփականությունը դարձող նվերների հետագա ճակատագիրը որոշելու վերաբերյալ կարգավորումները, ինչպես նաև ապահովվել են համապատասխան օրենսդրական կարգավորումների` գործնականում ամբողջական և պատշաճ իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերը։