Կարևոր իրադարձություններ

Հայաստանը Վիեննայում առանձին տաղավարով շարունակում է մասնակցել Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին (լուսանկարներ)

19 Դեկտեմբեր, 2024 12:18
Հայաստանը Վիեննայում առանձին տաղավարով շարունակում է մասնակցել Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին (լուսանկարներ)

Հայաստանը Վիեննայում առանձին տաղավարով շարունակում է մասնակցել Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին։ 

Եվս մի քանի օր` մինչև դեկտեմբերի 23-ը, հայկական տաղավարում կշարունակվի ցուցադրվել շուրջ 70 վարպետի ձեռագործ աշխատանք՝ փայտարվեստի, ասեղնագործության, թաղիքագործության, խեցեգործության, տիկնիկագործության, մետաղագործության նմուշներ, ամանորյա խաղալիքներ, հուշանվերներ:  Շպիտելբերգի այս տարվա տոնավաճառն ունի բնապահպանական շեշտադրում, և հայկական տաղավարը ևս հավատարիմ է մնացել դրան` ներկայացնելով վերամշակված թղթից ափսեներ, որոնք արտադրվում են Խնձորեսկում։ Հայկական տաղավարն առանձնահատուկ է իր բազմազան նմուշներով և մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ծրագիրն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի հետ՝ ՀՀ ԱԳՆ աջակցությամբ, Մշակույթի զարգացման հիմնադրամի, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի և Fastex ընկերության հետ համագործակցությամբ:

Շպիտելբերգի տոնավաճառը Վիեննայի ամենահայտնի Սուրբ Ծննդյան տոնավաճառներից է, որն ամեն տարի գրավում է հազարավոր այցելուների ուշադրությունը։ Այն իրականացվում է 1970-ական թվականներից սկսած՝ Վիեննայի Շպիտելբերգ պատմական թաղամասի Շպիտելբերգգասե, Գուտենբերգգասե և Շրանկգասե հետիոտնային փողոցներում:

Նշենք նաև, որ 2023 թ. Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է նաև Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին:

 

Լրահոս

Դիտել ավելին