2024 թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Ի կատարումն Օրենքի կարգավորումների՝ ՆԳ նախարարի դեկտեմբերի 12-ի հրամանով սահմանվել է անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նոր կարգը, որի դրույթները էականորեն տարբերվում են նախկինում գործող հրամանի դրույթներից և միտված են բարձրացնելու ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի արդյունավետությունը։
Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում լիազորություն ունեցող ծառայողների կողմից։ Նրանք հսկողությունն իրականացնում են՝ բռնության ենթարկված անձանց այցելելով, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ։ Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումը կապահովի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց առավել արդյունավետ պաշտպանությունը։
Կարգավորումներով սահմանվել է հսկողության հստակ ընթացակարգ, գործողությունների համալիր մեխանիզմ։ Այսպես, եթե նախկինում սահմանված չէր բռնության ենթարկված անձի փաստացի գտնվելու վայր ոստիկանության իրավասու ծառայողի այցելության կոնկրետ ժամկետ, ապա ներկայումս անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների պահանջների խախտման վերաբերյալ ցանկացած տեղեկություն ստանալուց հետո իրավասու ծառայողները ոչ ուշ, քան տեղեկությունը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում մեկնում են բռնության ենթարկված անձի փաստացի գտնվելու վայր։
Սահմավել է նաև պարբերական այցելությունների հստակ ժամանակացույց. անհետաձգելի միջամտության որոշման դեպքում այցեր պետք է կատարվեն ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 օրը մեկ, իսկ պաշտպանական որոշման դեպքում՝ ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ։
Հստակեցվել է նաև շահագրգիռ մարմինների հետ համագործակցության մեխանիզմը։