Կարևոր իրադարձություններ

Նախատեսվում է Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՄԻՊ-ի աշխատակազմին

16 Նոյեմբեր, 2024 19:13
Նախատեսվում է Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՄԻՊ-ի աշխատակազմին

Նոյեմբերի 15-ին Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Երևանի Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին։

Կառավարության նշված որոշումը շատ կարևոր և առաջին քայլն է՝ լուծելու տարիների պատմություն ունեցող՝ ՄԻՊ բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովման խնդիրը։

Միևնույն ժամանակ, կարևոր է, որպեսզի շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի շենքի շահագործման նախապատրաստական գործընթացը, այդ թվում՝ վերանորոգումը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վարչական շենքի մակերեսի և ենթակառուցվածքների ոչ բավարար հնարավորություններն առաջ են բերում գործնական դժվարություններ ինստիտուտի արդյունավետ գործառութավորման տեսանկյունից։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է թե՛ Աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավման և կադրային համալրման գործընթացը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությանը, թե՛ Պաշտպանին դիմում-բողոք ներկայացրած անձանց հետ պատշաճ և խորհրդապահական կարգով առանձնազրույցների անցկացման, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքային պայմանների մատչելիության, վերջիներիս մասնակցությամբ Աշխատակազմի շենքում միջոցառումների կազմակերպման ապահովմանը։

Ընդ որում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ անհրաժեշտ ու բավարար շենքային պայմանների ապահովման հարցը բխում է միջազգային չափանիշներից։

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ սկզբունքները (Փարիզյան սկզբունքներ) սահմանում են, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունը պետք է ունենա ենթակառուցվածքներ, որոնք ունակ են ապահովելու հաստատության գործունեության անխափան իրականացումը՝ համարժեք ֆինանսավորմամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին