Կարևոր իրադարձություններ

Կիբեռանվտանգությունը դարձել է նույնքան կարևոր, որքան ֆիզիկականը. նախագահը՝ «Կրան Մոնտանա» ֆորումի բացմանը

15 Նոյեմբեր, 2024 21:06
Կիբեռանվտանգությունը դարձել է նույնքան կարևոր, որքան ֆիզիկականը. նախագահը՝ «Կրան Մոնտանա» ֆորումի բացմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Կրան Մոնտանա» (CRANS MONTANA) ֆորումի բացման արարողությանը և հանդես է եկել ելույթով։

«Այսօր այստեղ հավաքվել ենք կիսվելու մեր գաղափարներով և գտնելու լուծումներ այն խնդիրներին, որոնք ոչ միայն անդրադառնում են մեր հասարակությունների բարեկեցության վրա, այլև անմիջականորեն ներկայացնում գոյատևման սպառնալիքներ:

Սակայն մինչ բուն ելույթիս անցնելը, կցանկանայի նկատել, որ այս տարին հոբելյանական է և առանձնահատուկ նշանակություն ունի ֆորումի առանցքային՝ խաղաղության օրակարգի համար, քանզի լրանում է «Կրան Մոնտանայի» ֆորումի բուխարեստյան նստաշրջանում կայացած՝ Յասեր Արաֆաթի և Շիմոն Պերեսի պատմական հանդիպման 30-ամյակը:

Նկատեմ, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության այս էջը՝ ներառյալ Օսլոյի երկու համաձայնագրերի պատմությունը՝ ինձ համար, անձամբ, առանձնակի նշանակություն ունի: Հիշեցնեմ, որ ի նշան իրենց վճռականության և խիզախության գնահատանքի՝ երկու առաջնորդները հանդիպումից ամիսներ անց արժանացան Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ավելին, այս տարի լրանում է նաև 25 տարին այն պահից, երբ նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան՝ ֆորում մասնակցության նպատակով իր առաջին արտերկրյա այցի շրջանակներում հայտարարեց 1999 թ. Ալժիրի քաղաքացիական համաձայնության հանրաքվեի մասին, որն առանցքային քայլ էր երկրում քաղաքացիական պատերազմի՝ «սև տասնամյակի» կարգավորման ուղղությամբ:

Անվտանգության մարտահրավերներն այսօր զարգացել են բուն սպառնալիքներից անդին. կիբեռանվտանգությունը դարձել է նույնքան կարևոր, որքան ֆիզիկական անվտանգությունը, երբ պետական և ոչ պետական սուբյեկտներն ունեն նույն հասանելիությունը թվային զինամիջոցներին, որոնք կարող են խաթարել կարևոր ենթակառուցվածքները և քաոս սերմանել:

Այս ամենի հետ մեկտեղ, կլիմայի փոփոխությունն էլ իր հերթին ներկայացնում է անվտանգային սպառնալիք՝ ազդելով պարենային անվտանգության և ջրային պաշարների վրա՝ հանդիսանալով միգրացիայի ևս մեկ խթան:

Զուգահեռաբար, անդրազգային հանցավոր ցանցերն ավելի արագ են օգտագործում տեխնոլոգիական առաջընթացը, քան իրավապահները կարող են արձագանքել: Սոցիալական վերափոխումները, անվտանգային մարտահրավերները, ռազմական և ոչ ռազմական վտանգները պահանջում են համակ ուշադրություն և անհապաղ գործողություններ՝ քաղաքական և գաղափարական անջրպետների միջև հաստատելու կառուցողական երկխոսություն: Նշված ոլորտները դառնում են ավելի փոխկապակցված՝ ազդելով կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա:

Եվ այստեղ է, ուր երևան է գալիս կրթության կարևորությունը: Ընթացիկ պահի մարտահրավերները պահանջում են բոլորիս հանձնառությունն առ կրթություն՝ որպես մարդու հիմնարար իրավունք: Ներդրումները կրթության ոլորտում աղքատության և թշնամանքի շղթան կոտրելու և ապագա սերունդներին հաջողության և բարգավաճման համար անհրաժեշտ հմտություններով զինելու բանալին է: Կրթությունն առաջընթացի անկյունաքարն է, սոցիալական արդարության հասնելու կարևոր բաղադրիչը:

Այս ուղղակիորեն հանգեցնում է մարդու իրավունքների խնդրին: Մարդու իրավունքների պարզունակ օժտում չէ՝ այլ պարտավորություն, որը կրում ենք բոլորս: Մենք միասնական ենք վճռականության մեջ՝ ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անհատի իրավունքները հարգվեն և պաշտպանվեն, քանզի մարդու իրավունքների հարգումը պարտադիր պայման է մեր հասարակությունների բարօրության ապահովման գործում:

Վերջին շրջանի համաճարակներն ի հայտ բերեցին մեր խոցելիությունը և ուստի՝ հանրային առողջապահական կուռ համակարգեր ունենալու անհրաժեշտությունը, որոնք կարող են հայտնաբերել, կանխել և արդյունավետորեն արձագանքել նման սպառնալիքներին: Մենք պարտավոր ենք խթանել համագործակցությունն՝ ապագա բռնկումներից պաշտպանվելու համար, երաշխավորելով, որ որևէ համայնք չի մնա անպաշտպան:

Եվ վերջապես, էներգետիկ անվտանգության ապահովումն առանցքային է կայուն զարգացման և տնտեսական տոկունության համար: Էներգետիկ անվտանգության ապահովումը կենսական է մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական հավասարության հաստատման համար:

Հարգելի գործընկերներ, կա մի այսպիսի ասացվածք՝ «յուրաքանչյուր մարտահրավել հնարավորություն է ընձեռում»: Եվ այդ հնարավորությունն ակնհայտ է, ուստի եկեք համախմբվենք մեր հասարակությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարելու գործում: Եկեք իմաստությամբ միասին առերեսվեինք այս մարտահրավերներին՝ մեր հասարակությունների համար ավելի լավ ապագա կառուցելու անսասան հանձնառությամբ: Ավելի լավ ապագայի միտված հեռանկարն ու ընթացքը պայմանավորված են մեր համատեղ ջանքերի և գիտելիքների փոխլրացման կարողության մեջ:

Խոսքերս ավելի առարկայական դարձնելու համար՝ յուրաքանչյուրիդ հրավիրում եմ ներկա գտնվելու Հայաստանի պատվիրակության կողմից այսօր ֆորումում կազմակերպվող շնորհանդեսին:

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում այս հնարավորության համար և մաղթում արդյունավետ քննարկումներ։ Մենք պետք է անընդմեջ հիշեցնենք ինքներս մեզ, որ մեծ փոփոխությունը կարող է սկսվել գեթ մեկ պարզունակ թվացող գաղափարից»։

 

Լրահոս

Դիտել ավելին