Կարևոր իրադարձություններ

Հայաստանը 4-րդ անգամ հյուրընկալել է «IEEE EWDTS\'2024» միջազգային սիմպոզիումը

13 Նոյեմբեր, 2024 18:25
Հայաստանը 4-րդ անգամ հյուրընկալել է «IEEE EWDTS\'2024» միջազգային սիմպոզիումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նոյեմբերի 13-ին մասնակցել է Երևանում ընթացող 20-րդ IEEE EWDTS'2024 (Արևելք-Արևմուտք, Նախագծում և Թեսթավորում) միջազգային սիմպոզիումի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, նշել է, որ  «Հայաստանը ոգևորված է հյուրընկալելու այնպիսի հեղինակավոր սիմպոզիում, ինչպիսին IEEE EWDTS'2024-ն է։

«Մեր երիտասարդ ճարտարագետներն ու գիտակրթական համայնքը փայլուն հնարավորություն կունենան աշխարհի առաջատար մասնագետներից տեղեկանալու ամենաառաջադեմ զարգացումների մասին, գիտելիքներ փոխանակելու և ընդլայնելու իրենց մասնագիտական ​​ցանցը՝ ստեղծելով նոր կապեր: Նման կարևորության և մասշտաբի սիմպոզիումի անցկացումը Հայաստանում կրկին անգամ ընդգծում է Հայաստանի գլխավոր դերակատարումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջընթացի մեջ»,- նշել է Սիմոնյանը։

IEEE EWDT սիմպոզիումի նախագահ, IEEE TTTC խորհրդի նախագահ, «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանն, իր հերթին  կարևորելով նման ֆորումները համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետների շրջանում, ընդգծել է, որ այս տարի IEEE EWDTS'2024-ը Երևանում կմեկտեղի ներկայացուցիչներ 14 երկրից, որոնք կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով:

«Հատկանշական է, որ այս տարի EWDTS24-ի նիստերի մի մասը կանցկացվեն MIF-ի (Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի) հետ համատեղ, ինչը կկրկնապատկի միջոցառման ներգրավվածությունն ու ազդեցությունը»-շեշտել է Զորյանը:

Հայաստանը 4-րդ անգամն է հյուրընկալում այս սիմպոզիումը, որը համախմբում է սիլիկոնային ոլորտի փորձառու մասնագետներին և գիտնականներին ամբողջ աշխարհից:

IEEE EWDTS'2024 սիմպոզիումի հիմնական նպատակն է ներկայացնել և տարածել էլեկտրոնային սխեմաների և համակարգերի ավտոմատացված նախագծման, ինչպես նաև թեսթավորման, ախտորոշման և վերանորոգման ոլորտում առկա միտումներն ու առաջընթացները Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, ինչպես նաև աշխարհի այլ մասերից առաջատար և փորձառու մասնագետների և գիտնականների կողմից: 

Սիմպոզիումն իր աշխատանքները կշարունակի նոյեմբերի 13-17-ը, որի լիագումար նիստերին կներկայացվեն մի քանի տասնյակ հանգուցային ելույթներ և զեկույցներ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին