Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճներում ավարտվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով վոլեյբոլի (տղաներ, աղջիկներ) հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները:
Տղաների պայքարում հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Շամբի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մարզի Բջնիի միջնակարգ դպրոցի թիմը: 4-րդ տեղը զբաղեցրել է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի Դ․ Դեմիրճյանի անվան թիվ 1 միջ․ դպրոցի թիմը, իսկ 5-րդ տեղը՝ ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի միջնակարգ դպրոցի թիմը:
Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի ավագ դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի թիմը, 4-րդ տեղը զբաղեցրել է ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 5-րդ տեղը գրավել է Լոռու մարզի Վանաձորի N 11 ավագ դպրոցի թիմը:
1-ից 3-րդ տեղեր գրաված դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հավաստագրերով և գավաթներով, մարզիկները՝ հավաստագրերով և մեդալներով:
Պարգևատրումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիաի գլխավոր քարտուղար, մրցումների գլխավոր մրցավար Կարեն Ասմարյանը և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Սուրեն Պռազյանը: