Հոբելյանական համերգի ծրագրում ընդգրկված են սիրված ստեղծագործություններ. կհնչեն առաջին գեղարվեստական ղեկավար Մարո Մուրադյանի և ներկա գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կողմից համույթի երկացանկ ներմուծած ստեղծագործությունները:
Երեկոյի ընթացքում բեմահարթակում կլինեն նաև 50 տարիների ընթացքում համույթի կազմում ստեղծագործական գործունեություն ծավալած տարբեր արտիստներ:
«Ակունք» ազգագրական համույթը ստեղծվել է 1974 թվականին հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի դուստր՝ բանահավաք, ազգագրագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Մարո Մուրադյանի կողմից:
Համույթում ընդգրկված են Արևմտյան Հայաստանից՝ Մուշից, Վանից, Սասունից, Շատախից և այլ վայրերից 1915 թ. տեղահանված բնիկ հայերի առաջին կամ երկրորդ սերնդի շուրջ 25 անդամներ, որոնք շարունակում են հայ երգի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի գործը: