Կարևոր իրադարձություններ

Միայն համատեղ քննարկումների, փորձի փոխանակման միջոցով է հնարավոր հաղթահարել մարտահրավերները. ՄԻՊ

22 Հոկտեմբեր, 2024 21:13
Միայն համատեղ քննարկումների, փորձի փոխանակման միջոցով է հնարավոր հաղթահարել մարտահրավերները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի հասատության 20-ամյակի առթիվ հոկտեմբերի 21-22-ն անցկացվող «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով բարձրաստիճան միջազգային համաժողովը շարունակվում է։

Պանելային քննարկումներին ընդառաջ մասնակիցներին ողջունել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Պաշտպանը նշել է նման ձևաչափով քննարկումների անցկացման կարևորությունը, քանի որ միայն համատեղ քննարկումների, փորձի փոխանակման միջոցով է հնարավոր հաղթահարել այն մարտահրավերները, որոնց առջև այսօր կանգնած է մարդու իրավունքների պաշտպանության համակարգը։

Միջոցառմանը ներկա է եղել նաև Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի համագործակցության՝ Սիմոն Բաբայանն ընդգծել է, որ այն շարունակաբար ավելի է ընդլայնվում։ Շնորհավորելով ՄԻՊ հաստատության 20-ամյակի առթիվ՝ Փաստաբանների պալատի նախագահը Պաշտպան Անահիտ Մանասյանին հանձնել է Շնորհավորագիր։

2-րդ օրվա առաջին պանելային քննարկմանը՝ «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների (իրավահավասարության մարմիններ) դերը ներառական հասարակություն կառուցելու գործում» թեմայով, որպես բանախոս հանդես են եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը, ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը, Մոլդովայի Հանրապետության իրավահավասարության խորհրդի նախագահ Յան Ֆելդմանը, Իրավահավասարության մարմինների եվրոպական ցանցի քաղաքականության ավագ պատասխանատու Միլլա Վիդինաը (առցանց): 

Քննարկումը վարել է Մոլդովայի Հանրապետության իրավահավասարության խորհրդի նախագահ Յան Ֆելդմանը: 

Պանելային երկրորդ՝ «Խոցելի խմբերի պաշտպանություն. Կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, ԼԳԲՏ անձանց և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ռազմավարություններ» թեմայով քննարկմանը բանախոսներն էին ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, Խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) անդամ, Չեռնոգորիայի Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանի տեղակալ Ներմա Դոբարջիչը, Ալբանիայի՝ Խտրականությունից պաշտպանության հանձնակատար Ռոբերտ Գայդան, Մարդու իրավունքների փորձագետ, «Ռոմա կանանց հիմնադրամ «Չիրիկլի» միջազգային բարեգործական կազմակերպության ծրագրի ղեկավար Տայյա Ավրամը և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը: 

Քննարկումը վարել է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) անդամ, Չեռնոգորիայի Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանի տեղակալ Ներմա Դոբարջիչը: 

Երկօրյա համաժողովի վերջին՝ «Գործընկերության ձևավորում քաղաքացիական հասարակության շրջանում. երկխոսության ապահովում և նպաստում զոհերի պաշտպանության բարելավմանը» թեմայով քննարկմանը, որպես բանախոս հանդես են եկել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը, Հյուսիսային Մակեդոնիայի Խտրականության կանխարգելման և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Իգոր Յադրովսկին, Հավասար իրավունքներ և Փինք իրավապաշտպան ՀԿ գործադիր տնօրեն Հռիփսիմե Կիզոգյանը:

Պանելային քննարկմանը հաջորդել է «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի փակման արարողությունը, որի շրջանակներում ամփոփիչ խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի Խորհրդի համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը։

Համաժողովը նվիրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին՝ որպես երկրում մարդու իրավունքների և օմբուդսմանական միակ ազգային հաստատություն, մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից։

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին