Կարևոր իրադարձություններ

Համագործակցության նոր հնարավորություն՝ ՄԿՈՒ ոլորտում

22 Հոկտեմբեր, 2024 18:28
Համագործակցության նոր հնարավորություն՝ ՄԿՈՒ ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հունգարական «Միաութ գրուպ» կազմակերպության նախագահ Աթիլլա Սանդորի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:

Կողմերը քննարկել են կրթության, մասնավորապես միջին մասնագիտական ուսուցման ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կրթության բոլոր աստիճաններում ակտիվ բարեփոխումներ է իրականացնում, և այդ համատեքստում կարևոր է նաև միջազգային կառույցների հետ համագործակցային տարբեր ծրագրերի քննարկումը՝ ըստ անհրաժեշտության դիտարկելով նաև դրանց տեղայնացումը:

«Միաութ գրուպ» կազմակերպության նախագահը, ներկայացնելով իրենց գործունեությունը, ընդգծել է, որ «Միաութ գրուպ»-ի ուշադրության կենտրոնում հատկապես միջին մասնագիտական կրթության ոլորտն է, և այդ ուղղությամբ ավելի քան 20 երկրի մասնագիտական հաստատությունների հետ փորձի փոխանակման, վերապատրաստումների և համագործակցության այլ ծրագրեր են իրականացվում:

Կողմերը դիտարկել են Հայաստանի և Հունգարիայի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև փորձի փոխանակման, ԵՄ «Էրազմուս+» շարժունության ծրագրի շրջանակում համագործակցության, փոխադարձ այցելությունների, համատեղ կրթական համաժողովների կազմակերպման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Միաութ գրուպ» կազմակերպության հետ համագործակցության առաջիկա գործողությունների շրջանակին վերաբերող մի շարք աշխատանքային հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին