Կարևոր իրադարձություններ

«Երևանը ժամանակի մեջ. 1800-1917 թվականներ» խորագրով ցուցադրություն՝ ազգային արխիվում

18 Հոկտեմբեր, 2024 21:12
«Երևանը ժամանակի մեջ. 1800-1917 թվականներ» խորագրով ցուցադրություն՝ ազգային արխիվում

Արդարադատության նախարարության Հայաստանի ազգային արխիվում բացվել է Երևան քաղաքի պատմությանը նվիրված՝ «Երևանը ժամանակի մեջ. 1800-1917 թվականներ» խորագրով արխիվային փաստաթղթերի և լուսանկարների ժամանակավոր ցուցադրությունը:

Ցուցադրությանը ներկա են գտնվել Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը, Հայաստանում Շվեդիայի թագավորության փոխդեսպան, զարգացման համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Կլաս Վալդենստրյոմը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Մարդու իրավունքների ծրագրի» տնօրեն Իզաբելլա Սարգսյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և այլ հյուրեր։

Արմենուհի Հարությունյանն ընդգծել է Ազգային արխիվի դերը հայ ժողովրդի պատմական հիշողությունը կրելու ու պահպանելու գործում, նշել, որ Ազգային արխիվին է վերապահված պահպանել, նորոգել, նոր կյանք տալ փաստաթղթերին, հնագույն վավերագրերին, որոնք ներկայացնում են մեր անցյալը, ինչի վկայությունն է Երևան քաղաքին նվիրված ցուցադրությունը, իսկ առանց մեր անցյալի մասին գիտելիքների հնարավոր չէ պատկերացնել մեր գալիքը:

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Շվեդիայի թագավորության դեսպանատանը և Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամին ցուցադրության իրականացմանն օժանդակելու գործում։

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը հայտնել է, որ ցուցադրությունը Երևանը ներկայացնում է տարբեր անկյուններից՝ Երևան քաղաքի կառավարման կառուցվածքը, առաջին քաղաքագլուխները, արդարադատության, առողջապահության համակարգերը՝ իրենց կարևորագույն գործառույթներով, ներկայացվում են Երևանի տնտեսական, հասարակական, կրթամշակութային կյանքն ու պատմական կառույցները, տվյալ ժամանակաշրջանին բնորոշ վաճառականներով, արհեստավորներով, բարերարներով ու նշանավոր գերդաստաններով։

Ազգային արխիվում կազմակերպված ցուցադրությանը ներկայացվել են բացառապես Հայաստանի ազգային արխիվում պահպանվող արխիվային փաստաթղթեր՝ տարբեր կառույցների ճարտարապետական նախագծերի և լուսանկարների միջոցով տեղափոխվելու նախորդ դարեր՝ տեսնելու և ծանոթանալու անցյալի Երևանին։

Երևանին նվիրված «Երևանը ժամանակի մեջ. 1800-1917 թվականներ» խորագրով արխիվային փաստաթղթերի և լուսանկարների ժամանակավոր ցուցադրությունը բաց է այցելուների համար: Արդարադատության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին՝ այցելել և դառնալ Երևանի վերաբերյալ հետաքրքիր ու չկրկնվող փաստերի ականատեսը:

 

Լրահոս

Դիտել ավելին