Կարևոր իրադարձություններ

Էական բարեփոխումներ՝ ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում

18 Հոկտեմբեր, 2024 18:55
Էական բարեփոխումներ՝ ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Նախքան ընթացիկ աշխատանքների քննարկումը նախարարը շրջայց է կատարել ՊՈԱԿ-ի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։ Նախարարին այցի ընթացքում ուղեկցել է նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։

ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում նախարարը ևս մեկ անգամ շեշտել է կառույցի առանցքային դերը ոլորտի համար․

««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ն իր գործառույթով մեր նախարարության ամենակարևոր գործիքն է, որը  հավասարակշռություն է ապահովում մարդու գործունեության հետևանքների և  շրջակա միջավայրի պահպանության միջև։  Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսության զարգացման այս տեմպերին զուգահեռ ավելանալու է ՊՈԱԿ-ի ծանրաբեռնվածությունը, բայց նաև էլ ավելի է մեծանալու  կարևորությունը»,-նշել է նախարարը։

Զեկույցներով հանդես են եկել ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը և տնօրենի տեղակալ Հերիքնազ Մկրտչյանը։

2024 թվականի ընթացքում կազմակերպության մասնագետների կողմից ուսումնասիրվել և համապատասխան ընթացք է տրվել ավելի քան 295 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերին,

 2024 թվականի ընթացքում 1 մասնագետի համար միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 19 նախագիծ

2023թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ եզրակացություն ստացած գործերի քանակը 2024թ. ավելացել է գրեթե 20%-ով՝ 175 գործի համեմատ նույն ժամանակահատվածում տրամադրվել է 215 փորձաքննական եզրակացություն:

Փորձաքննական կենտրոնի աշխատանքների արդյունավետության բարձրացման համար իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքներն ապահովելու համար 2023 թվականին Կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է մոտ 250 մլն ՀՀ դրամ, նախկին 69 մլն դրամի փոխարեն,

ավելացվել է նոր աշխատատեղեր՝ համալրվելով մասնագիտական կրթություն և աշխատանքային փորձ ունեցող անձանցով՝ նախկին 18 հաստիքների քանակը դարձել է  25,

կատարվել է աշխատավարձերի կրկնակի բարձրացում,

ներդրվել է  աշխատակիցների բժշկական ապահովագրություն,

բարելավվել են աշխատանքային պայմանները, ՊՈԱԿ-ը համալրվել է նոր  գրասենյակային գույքով և  տեխնիկական միջոցներով,

մասնագետների ներկայությունը հանրային լսումներին և տեղազննման աշխատանքներին ապահովելու համար կատարվել է ավտոմեքենաների սպասարկման  ծախսերի ավելացում։

  • Նախարարը գործընկերների հետ քննարկել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքը և հանրային լսումների կազմակերպումը․

    «Պետք է ընդլայնել հանրային լսումների վերաբերյալ հանրությանը իրազեկելու խողովակները, քանի որ քաղաքացիների ակտիվ մասնացությունը չափազանց կարևոր են երկու տեսանկյունից։ Առաջինը՝ մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու բնապահպանական խնդիրների լուծմանը և իրենց ազդեցությունն ունենան որոշումների կայացման վրա, և երկրորդ՝ լսումները կօգնեն շտկել մեր աշխատանքում առկա բացերը»,-նշել է նախարարը։

    Հանդիպման ընթացքում անդրարադրձ է կատարվել նաև աշխատակազմի մասնագիտական կարողությունների բարձրացմանը և ՊՈԱԿ-ի հնարավորությունների մշտական լավարկմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին