Կարևոր իրադարձություններ

Տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք. ՔԿ (տեսանյութ)

07 Հոկտեմբեր, 2024 17:39
Տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք. ՔԿ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ Ոստիկանության ծառայողների և քննիչների համագործակցության արդյունքում, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր տեսակի ընդհանուր շուրջ 14կգ. թմրամիջոցների՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպք։

2024թ հոկտեմբերի 4-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ, Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության ծառայողները հոկտեմբերի 4-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, արձանագրել են Մեղրի-Կապան Մ17 ավտոճանապարհի՝ ԻԻՀ-ՀՀ սահմանի մոտ կայանված «Նիսսան  Բլյուբիրդ» մակնիշի ավտոմեքենան։ Վերջինիս վարորդը՝ Երևան քաղաքի 38-ամյա բնակիչը, վերցնելով թմրամիջոցի փաթեթը, նետել է ճանապարհի մյուս հատվածը՝ նշված ավտոմեքենայի ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ հանդիսացող 39-ամյա տղամարդու ուղղությամբ: Թմրամիջոցների մաքսանենգություն և ապօրինի շրջանառություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով վերջիններս տեղափոխվել են ոստիկանության Մեղրիի բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված երկու անձինք ձերբակալվել են:

Քննիչների կողմից կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է թվով 3 փաթեթ, որոնցում առկա են 0.51 կգ համաքաշով «Ափիոն», 0.53կգ. համաքաշով «Հաշիշ», 0.04 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ», 1.150 կգ համաքաշով «Մետամֆետամին» և 11.680կգ. համաքաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ և 0.110 գրամ գունավոր «Love», «Audi» գրառումներով դեղահաբեր:

Հայտնաբերված զանգվածներով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն:

«ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ հայտնաբերված և փորձաքննության ներկայացված զանգվածների մի մասը, ըստ հետազոտության արդյունքների, առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին», մի մասն էլ՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, իսկ մնացած մասով փորձաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին