Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումն ազդում է բուժման արդյունքների վրա, փոքրանում է միջամտությունների ծավալը, դեղորայքային բուժումից հրաժարվելու հնարավորություն է ստեղծվում, կրճատվում են կրծքագեղձի հեռացմամբ բարդ վիրահատությունների դեպքերը։
Ամսական կանոնավոր ինքնազննումը, բժշկի կլինիկական զննումը և թիրախային տարիքի կանանց մամոգրաֆիան կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման հիմնական բաղադրիչներն են։
Յուրաքանչյուր կին պետք է ուշադրություն դարձնի առողջությանը և պարբերաբար իրականացնի ինքնազննում: Խորհուրդ է տրվում դաշտանի ավարտից 2-3 օր անց հայելու առջև կանգնած զննել սեփական կուրծքը։
Դաշտանադադարում գտնվող կանայք կրծքագեղձի զննում կարող են կատարել յուրաքանչյուր ամսվա մեջ որոշակի օր (օրինակ՝ առաջին, երրորդ կամ հինգերորդ)՝ կանոնավոր պարբերականությամբ։
Կրծքագեղձի նորմալ փոփոխություններն են՝
ամենամսյա հորմոնալ փոփոխությունների պատճառով կուրծքը կարող է լցվել, գնդված թվալ և դառնալ զգայուն,
հղիության ընթացքում կուրծքը մեծանում և պնդանում է,
տարիքի հետ կրծքում գերակայում է ճարպային հյուսվածքը,
մարﬓի ընդհանուր քաշի ավելացումը կամ նվազումը կարող են փոխել կրծքագեղձի չափսերը։
Կրծքագեղձի արտասովոր փոփոխություններն են՝
կրծքագեղձի պնդություն,
կրծքագեղձի ցավոտություն,
կրծքագեղձի՝ սովորականից տարբերվող լցվածություն,
կրծքագեղձում որևէ գոյացության շոշափում,
մաշկի փոփոխություն,
պտուկի փոփոխություն,
կարմրություն,
հյուսվածքի շարժունակության սահմանափակում,
ավշային հանգույցների շոշափում անութափոսերում,
կրծքագեղձերի միջև նկատվող անհամաչափություն,
պտուկից որևէ արտադրություն։