Կարևոր իրադարձություններ

Գործադիրը գումար է հատկացրել էկոպարեկների` մոբայլ համակարգով հագեցած 22 ավտոմեքենա ձեռք բերելու համար

03 Հոկտեմբեր, 2024 14:29
Գործադիրը գումար է հատկացրել  էկոպարեկների` մոբայլ համակարգով հագեցած 22 ավտոմեքենա ձեռք բերելու համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերաբաշխում կատարել Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության՝ 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին և 509 մլն 512 հազար դրամի չափով գումար ուղղել Սյունիքի մարզային վարչության տեխնիկական կարողությունների ընդլայնմանը:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ գումարն ուղղվելու է Սյունիքի մարզային վարչության՝ Կապանի, Սյունիքի, Սիսիանի, ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» տեղամասերի համար 22 գործառնական մեքենաներ ձեռք բերելու և դրանք մոբայլ համակարգով ու այլ տեսակի հատուկ կահավորանքով հագեցնելու համար: «22 մեքենաները հատկացվելու են մարզային վարչությանը. դրանք պիկապ տեսակի ավտոմեքենաներ են՝ դժվարամատչելի տարածքներ հասնելու համար: Դրանք հագեցված են մոբայլ նաև համակարգով: Այսինքն՝ նաև ազդանշանային համակարգերն են, կապի միջոցները, դրանք վերալիցքավորվելու, տարբեր հակահրդեհային իրավիճակներում գործելու հագեցվածություն ունեն՝ հեռադիտակներ, ջրի բաքեր, ատրճանակներ, հակահրդեհային խողովակներ»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ Էկոպարեկային ամբողջ ծառայության համար նախատեսված է ձեռք բերել շուրջ 142 մոբայլ միջոցներ, որոնք տրվելու են 7 մարզի 18 տեղամասին: Շարժակազմերը գործելու են 12-ժամյա 2 հերթափոխով, յուրաքանչյուր շարժակազմում լինելու է 2 պարեկ: Լինելու է էկոպարեկների 4 խումբ՝ բարձրագույն, գլխավոր, կրտսեր, առաջատար, վերջիններիս ընտրությունը լինելու է  ըստ ստաժի ու աշխատանքային փորձառության: 2025 թ. նախատեսվում է պետբյուջեով նաև 55 մեքենայի, ինչպես նաև 142 մեքենայի մոբայլ համակարգերի ձեռքբերում: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը նշել է, որ  մնացած մեքենաները նախատեսվում է ձեռք բերել միջազգային դոնորների միջոցների հաշվին: Փոխնախարարի խոսքով՝ Էկոպարեկային ծառայությունը հագեցվելու է և՛ դրոններով, և՛ տեսանկարահանող սարքավորումներով և ծխի դետեկտորներով, ստեղծվելու է կառավարման կենտրոն, որտեղ ստացվելու են ահազանգերը, որոնց էլ էկոպարեկները պետք է արագ արձագանքեն:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է հանրությանը  ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը պարբերաբար ներկայացնելու անհրաժեշտությունը և նշել, որ, ըստ էության,  նոր որակի ծառայություն է ձևավորվելու: 

 

Լրահոս

Դիտել ավելին