Կարևոր իրադարձություններ

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա 8-ով

03 Հոկտեմբեր, 2024 14:07
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա 8-ով

Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 8 դատավորով ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում ակնկալվում է դատարանների  ծանրաբեռնվածության ավելացում, ինչով պայմանավորված առաջանալու է քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելացնելու անհրաժեշտություն։ 

Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը նշել է, որ 2021-ի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվել են հանցանքներ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա: Ըստ փոխնախարարի՝ հոդվածի առաջին մասով նախատեսված են այն հանցանքները, որոնք ենթակա են քննության մասնավոր մեղադրանքի վարույթով:

Դրանք 25-ն են, որոնցից յուրաքանչյուրի առաջին մասով որակման դեպքում՝ գույքային վնասի չափով կամ արարքի ծանրացնող հանգամանքների բացակայությամբ պայմանավորված, վարույթը ենթակա է իրականացման ոչ թե հանրային մեղադրանքի կարգով, այլ առանց մինչդատական վարույթի՝ անմիջականորեն դատարանի կողմից մասնավոր մեղադրանքի վարույթով: «Ներկայումս այդ հանցանքների վերաբերյալ վարույթները չեն իրականացվում մասնավոր մեղադրանքի կարգով, քանի որ քրեական դատավարության օրենսգրքում առկա են անցումային դրույթներ, որոնց համաձայն՝ մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվելու է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսած քրեական վարույթներով:

Ի տարբերություն հանրային կարգով իրականացվող քրեական հետապնդումների՝ մասնավոր մեղադրանքով վարույթը բաղկացած է լինելու միայն դատական փուլերից, հետևաբար մասնավոր կարգով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվում է, և քրեական վարույթը կարճվում է միայն դատարանում սահմանափակ նախատեսված հիմքերի առկայության դեպքում: Մասնավոր մեղադրանքով վարույթը գործողության մեջ դնելու համար պետք է նշանակվեն այն իրականացնելու իրավասություն ունեցող դատավորներ, ինչը նշանակում է քրեական նշանակության դատավորների հաստիքների ավելացում»,- ասել է Արմենուհի Հարությունյանը:

Դատավորների ավելացման ենթակա հաստիքների թիվը որոշելու նպատակով հիմք են ընդունվել վիճակագրական մի շարք տվյալներ: Ընդհանուր առմամբ 2021 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քննվել է 1108 գործ, որից 475-ը՝ Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի կողմից, իսկ 633-ը՝ ՀՀ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից: 2022 թ. հուլիսի 1-ից մինչև 2024 թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ 21 ամսում, ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է 12965 քրեական վարույթ, որից՝ 3796 վարույթ կարճվել է, 663 վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 872 վարույթով որոշումներ են կայացվել մեկ վարույթում միացնելու մասին, 7634 վարույթով նախաքննությունը շարունակվում է: Այսպիսով, 2022 թվականի հուլիսի 1-ից հետո 21 ամիսներում կարճված և դատարան ուղարկված գործերի ընդհանուր թվով հաշվարկ կատարելու պարագայում՝ մասնավոր մեղադրանքի վարույթի շրջանակներում քննության ենթակա հանցանքների վերաբերյալ վարույթներով դատարանների ապագա ծանրաբեռնվածությունը կազմելու է միջինում տարեկան մոտ 2548 վարույթ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին