Կարևոր իրադարձություններ

Կկարգավորվեն ազգային ֆիլմերի հեռարձակման և ցուցադրման գործընթացները

03 Հոկտեմբեր, 2024 16:42
Կկարգավորվեն ազգային ֆիլմերի հեռարձակման և ցուցադրման գործընթացները

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից կինեմատոգրաֆիայի ազգային մարմին ներկայացնելու կարգը:

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, շահառուների իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև Հայաստանում կինոշուկայի կարգավորման անհրաժեշտությունից:

Համաձայն հիմնավորման՝ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում ներկայում կարգավորված չեն հայկական ֆիլմերի հեռուստատեսային և կինոթատրոնային ցուցադրումները, ինչը խոչընդոտում է կինոոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, ինչպես նաև թափանցիկության ապահովմանը՝ ոլորտի շահառու կազմակերպությունների և անձանց համար: Դա նաև խոչընդոտում է վարձույթի շուկայի համակարգմանը, որն էլ իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը և ֆիլմերի վարկանիշների նշագրումը՝ միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին: Բացի դրանից՝ ֆիլմարտադրությունը փոխկապակցված է շուկայի պահանջարկի հետ, սակայն ֆիլմերի ցուցադրությունների վերահսկման, եկամուտների, հանդիսատեսի քանակի, վաճառված տոմսերի, ֆիլմի պատճենների քանակի մասին տեղեկատվական համակարգի բացակայության պատճառով շուկան անկառավարելի է և չի նպաստում սպառողի շահերին: Կինոցուցադրման բնագավառում չի վերահսկվում նաև կինոթատրոնների տոմսային համակարգը:

Վերոնշյալ գործընթացներով պայմանավորված՝ առաջացել է տվյալների թվայնացման և ավտոմատացման անհրաժեշտություն, որի նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ: Համակարգի ներդրման նպատակն է շուկայի պահանջարկի և տնտեսական արդյունավետության վերլուծությունը, ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների և սպառողների համար գործունեության թափանցիկության ապահովումը, բիզնես գործընթացների թվայնացումը, որը կնպաստի պետություն-մասնավոր փոխգործակցությանը: Համակարգի ներդրման նպատակն է նաև կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության ապահովումը, ազգային ֆիլմերի ցուցադրման արդյունքային ցուցանիշների հավաքագրումը և դրանց համար փոխշահավետ և բարենպաստ պայմանների ապահովումը: Համակարգը չի նախատեսում տոմսերի վաճառք. այն ունենալու է ծրագրային փոխկապակցվածություն կինոթատրոնների գործող տոմսային համակարգի հետ՝ API-ի միջոցով: Համակարգի կիրառումը պետք է լինի պարտադիր բոլոր տեսակի ցուցադրությունների համար՝ հիմնվելով վարձութային վկայականի տվյալների վրա:

Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը: Համակարգը մշակվել է թափանցիկության ապահովման նպատակով. թվային հարթակը բաց է ցանկացած քաղաքացու համար, տվյալները պահվում և պաշտպանվում են պետության ներսում, պետական մարմինները և այլ շահառուները ունեն լիարժեք հասանելիություն և կարող են վերլուծել ֆիլմարտադրության և շուկայի արդյունավետությունը:

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշման ընդունումից հետո այն ուժի մեջ կմտնի 2026թ-ի հունվարի 1-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին