Կարևոր իրադարձություններ

«Ավանգարդ»-ի տարածքում սպանության համար մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է և կալանավորվել. ՔԿ

25 Հուլիս, 2024 20:42
«Ավանգարդ»-ի տարածքում սպանության համար մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է և կալանավորվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի տարածքում այս տարվա մայիսի 1-ին կատարված սպանության դեպքի նախաքննությունը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

«Հիշեցնենք, որ 2024 թ․ մայիսի 1-ի երեկոյան, նշված հասցեից անգիտակից վիճակում, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էր տեղափոխել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանը, որը ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային այլ գործողություններով, Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ կյանքի հետ անմահատեղելի մարմնական վնասվածքը Գ․ Նազարյանին հասցրել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ, նրա ծանոթ Կ․Մ․-ն։

Քննությամբ տվյալներ են ստացվել առ այն, որ 2024 թ․ մայիսի 1-ին՝ երեկոյան, ընկերոջ՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչ Ա․ Հ․-ի ավտոմեքենայով դեպի Աբովյան քաղաք երթևեկելու ընթացքում Կ․Մ․-ն հեռախոսազրույց է ունեցել Գ․ Նազարյանի հետ, որի ընթացքում վերջինիս կողմից հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ պարզաբանումների նպատակով, Ա․ Հ․-ի և ավտոմեքենայում գտնվող ևս մեկ անձի հետ, ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ։ Կ․ Մ․-ն և Ա․ Հ․-ն գնացել են հյուրանոց, դուրս կանչել Գ․ Նազարյանին։ Վերջինիս և Կ․ Մ․-ի միջև ծավալված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում Կ․ Մ․-ն, սպանելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր, ծակող-կտրող գործիքով հարվածել է Գ․ Նազարյանի կրծքավանդակի ձախ կեսին և վերջինիս առողջությանը պատճառել կյանքի հետ անհամատեղելի վիրավորում։

Այնուհետև, Ա․ Հ․-ն, Կ․Մ․-ի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, իր կողմից շահագործվող ավտոմեքենայով նրան տեղափոխել է այլ վայր։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ Կ․ Մ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), իսկ Ա․Հ․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով (hանցանք կատարած անձին աջակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։ Ոստիկանությանը տրվել է նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։ Մայիսի 2-ին Ա․Հ․-ն ձերբակալվել է։

2024թ․ մայիսի 8-ին վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Կ․Մ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2024 թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 06։46-ին, մեղադրյալ Կ․ Մ․-ն Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում հայտնաբերվել է, վերցվել արգելանքի, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և նրան ևս ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերահաստատելու վերաբերյալ, որը, դատարանի որոշմամբ, բավարարվել է, և անձը կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին