Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել քննարկում՝ երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների համատեքստում իրականացված կարիքների գնահատման զեկույցի վերաբերյալ

25 Հուլիս, 2024 16:29
Տեղի է ունեցել քննարկում՝ երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների համատեքստում իրականացված կարիքների գնահատման զեկույցի վերաբերյալ

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում՝ երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների համատեքստում իրականացված կարիքների գնահատման զեկույցի վերաբերյալ․ այն իրականացվել է Երոպայի խորհրդի կողմից «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում:

Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ծրագրերի համակարգողներ Կարին Մորոն և Անն-լոր Բոլյոն, ծրագրի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, միջազգային փորձագետներ։

«Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի ապաինստիտուցիոնալացման և բարեփոխման, այդ թվում՝ առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ կարիքների մասին» գնահատման զեկույցի նպատակն է բացահայտել և վերլուծել ոլորտում գործող օրենսդրությունը, մշակվող քաղաքականությունը և իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները․ երեխաների պաշտպանության ու բարենպաստ արդարադատության և այլընտրանքային խնամքի բարեփոխումների ավելի լայն համատեքստում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ապաինստիտուցիոնալացմանը և հումանիտար ճգնաժամերից տուժած երեխաների պաշտպանության և անվտանգության ապահովմանը։

Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող վերափոխման գործընթացում մեծ կարևորություն ունի նմանատիպ զեկույցի առկայությունը․ մշակվող հնգամյա համալիր ծրագրում ներառված բազմաթիվ գործողություններ համընկնում են զեկույցում նշվածների հետ։

Անդրադարձ է կատարվել նաև տեղական ինքնակառավարման մարմիններում և համայնքներում, ինչպես նաև խնամակալության հոգաբարձության մարմիններում մասնագիտական ներուժի զարգացմանը՝ ստեղծելու մոնիթորինգային բավարար գործառույթներ ու կարողություններ՝ թվայնացնելով և համապատասպանաեցնելով բոլոր գործընթացները, որոնք համահունչ են Կառավարության հնգամյա ծրագրին, ստանձնած պարտավորություններին և իրավունքներին։

Ներկայացված զեկույցում նշվել են նաև մի շարք առաջնահերթություններ, որոնք ուղղված են երեխաների պաշտպանության ինտեգրված ազգային համակարգի ներդրմանը, արդարադատության իրական հասանելիության մեխանիզմով պայմանավորված համակարգի հետագա զարգացմանը, միգրացիայում գտնվող երեխաների պաշտպանության և անվտանգության ապահովման շրջանակի բարելավմանը, պրակտիկ մասնագետների կարողությունների զարգացմանն ու միջգերատեսչական համակարգի մեխանիզմների ամրապնդմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին