Կարևոր իրադարձություններ

Կիրականացվի Քաջարանի թունելի կառուցման և Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքներ

25 Հուլիս, 2024 14:05
Կիրականացվի Քաջարանի թունելի կառուցման և Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքներ

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է կնքել վարկային համաձայնագիր, որով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից կտրամադրվի 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։

Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն  ու վթարայնության նվազեցումը։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7.0 կմ) կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ (Քաջարանի թունելի մուտք - Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները:

Թեմայի շրջանակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար գնել Սանոսյանը ներկայացրել է որոշ տվյալներ, թե Հյուսիս-հարավ ճանապարհի մյուս հատվածներում իրականացվող աշխատանքներն ինչ փուլում են։ «Աշտարակից Գյումրի առաջին կտորը 8 կմ է, որը շինարարության ակտիվ փուլում է, և հավանաբար հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կավարտենք շինարարությունը։ Հաջորդը՝ 34 կմ է, որը նախատեսված է ավարտել 2025թ. ամռանը, հաջորդ կտորը 18.7 կմ է՝ Թալին-Լանջիկ հատվածն է, որն ավարտված է, և ևս մեկ կտոր Լանջիկից դեպի Գյումրի՝ մոտ 23 կմ է, որը կավարտվի այս տարեվերջին։ Եթե 34 կմ էլ հաջորդ տարի ամռանն ավարտենք, ապա հաջորդ տարի կունենանք Երևանից դեպի Գյումրի ամբողջովին կառուցված Հյուսիս-հարավ:

Այս տարի այդ ճանապարհի վրա ևս որոշ հատվածներ մենք կբացենք երթևեկության համար, բայց միակողմանի, ամբողջը կավարտենք հաջորդ տարի ամռանը։ Հիմա այս խնդիրները լուծելուց  և շինարարական պրոցես սկսելուց հետո, մենք Ձեզ հետ միասին կենտրոնացել ենք արդեն հարավային կտորների ուղղությամբ տարվող աշխատանքների վրա։ Եվ առաջին կտորը, որտեղ շինարարություն կա, դա Հայաստան-Իրան սահմանից սկսած Ագարակ-Քաջարան 32կմ հատվածն է, որտեղ ակտիվ շինարարության փուլ է, և այս պահին Հայաստանի ամենամեծ շինարարական օբյեկտն է՝ 214մլն դոլար արժեքով»,-ներկայացրել է ՏԿԵ նախարարը և հավելել, որ մյուս հատվածը, որը կհաջորդի Ագարակ-Քաջարանին, դա Քաջարանի թունելն է, որի մասին խոսվեց և որին կհաջորդի Քաջարան-Սիսիան 60 կմ հատվածը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին