«Սերունդը ճիշտ է դաստիարակվում, երբ նրան տալիս ես հայ լինելու ազգային հպարտությունը, արթնացնում ես այն գիտակցումը, որ սեփական լեզուն, պատմությունն ու մշակույթը սովորելը իրավունք ու պարտականություն է՝ նախ անձդ լավ ճանաչելու համար:
Եվ հետևաբար, սովորելը դառնում է ցանկություն, ոչ թե ստիպված պարտականություն». Նազելի Աբայանն է՝ սփյուռքահայ ուսուցչուհի, որը դասավանդում է Բեյրութի (Լիբանան) Մխիթարյան վարժարանում: Արդեն հինգ տարի վարժարանի 6-ից 12-րդ դասարանի աշակերտների համար նա դասավանդում է հայոց լեզու, գրականություն, պատմություն ու մշակույթ՝ սփյուռքահայ երեխաներին ճանաչելի դարձնելով ազգային արժեքները:
Նազելի Աբայանը մասնագիտությամբ լրագրող է և երկար տարիներ աշխատել է «Ռադիո Սևանում»:
Հարցին, թե ինչպես և ինչու է որոշել ուսուցչուհի դառնալ, պատասխանում է. «Գիտելիքով և փորձառությամբ պատրաստ էի ուսուցիչ լինել և որոշեցի ընդգրկվել Մխիթարյան վարժարանի գործունեության մեջ»:
Բեյրութի (Լիբանան) Մխիթարյան վարժարանն ամենօրյա է. այնտեղ սովորում են 200-ից ավելի աշակերտներ: Ըստ ուսուցչուհու՝ մեծագույն խնդիրը արևմտահայերենով հասանելի առցանց աղբյուրների սակավությունն է: Վարժարանն ակտիվ գործունեություն է ծավալում, և հաճախ են հյուրեր այցելում Հայաստանից: Վերջին մասնագետները եղել են Հայաստանից ժամանած դարբինը, գորգագործը, որոնք երեխաներին ցույց են տվել իրենց արհեստների առանձնահատկությունները, աշխատանքային նրբությունները:
Վարժարանի աշակերտներից բոլորը չէ, որ հայեր են. հայերենով, հայոց պատմությամբ հետաքրքրված են նաև օտարները, որը ոգևորում է Նազելի Աբայանին. «Մխիթարյան վարժարանի վարկանիշը, ծանոթ հայերի շրջանակը «դրդում» են այլազգիներին սովորել հայերեն, հետաքրքրվել հայոց պատմությամբ: Մենք էլ ջանում ենք այնպես դասավանդել, որ հայերեն սովորելը հավելյալ բեռ չընկալվի նրանց համար, այլ դառնա հետաքրքրական