«Փաստ» օրաթերթը գրում է.
«Իր ամեն օրը յուրահատուկ էր: Շատ խելոք երեխա էր: Մանկապարտեզում իրեն ու քրոջը համեմատում էին, ասում էին՝ սխալ են ծնվել, Հովհաննեսն իր համեստությամբ աղջիկ է, Վիկան՝ տղա: Այդպիսին էլ մնաց: Խելացի էր: Մինչև հինգերորդ դասարան գերազանց սովորեց, հետո առաջադիմությունը փոխվեց: Ընդունակ էր և միայն ուսուցչի պատմածով կարողանում էր դասերը պատասխանել: Հայոց լեզուն և գրականությունն էր շատ սիրում, Կենսաբանությունը, առհասարակ, բնությունն ու կենդանիներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովհաննեսի մայրիկը՝ տիկին Անուշը:
2021 թ. փետրվարի 16-ին Հովհաննեսը զորակոչվում է բանակ: Սկզբում ծառայել է Խնձորեսկում, երկու ամիս անց՝ տեղափոխվել «Զանգեր» զորամաս: «Երեք ամսվա ծառայող էր, երբ մայիսին Սև լճի պաշարումը եղավ: Հովհաննեսս շատ էր բարկանում, որ դասեր չէին անում, զենքի հետ վարվել չգիտեին: Բայց այդ օրերին զենքը ձեռքներին տղաները կանգնել են թշնամու դիմաց: Այդ օրվանից սկսվել են Հովհաննեսիս դաժան օրերը: Իրենց բարձրացնում էին դիրքեր, բայց մեզ ոչինչ չէր ասում: Օգոստոս ամիսն էր, Հովհաննեսիս ասացի՝ գալիս ենք մոտդ: Պոլիգոններում էր: Երանի չգնայի ու չտեսնեի: Երեխեքը քնում էին քրքրված վրանների տակ, գետնին փռված մատրասների վրա, գնում էին քաղաք, լողանում, վերադառնում: Հիմա ինձ այնքան եմ մեղադրում, որ այդ պահին ոչինչ չարեցի: Հոկտեմբերի 15-ին նրան բերել էին զորամաս, հոկտեմբերի 16-ին ուղարկեցին արձակուրդ: Վերադարձավ զորամաս, այդ ժամանակ արդեն բարձրացրեցին Իշխանասարի դիրքերը:
Նոյեմբերի 16-ին՝ էլի հարձակում Իշխանասարի վրա, այդ անգամ հիմնական հարվածը եղել էր Սիսիանի կողմից, իրենց մոտ մի քիչ ավելի հանգիստ էր: Երկու փոթորկից պրծանք: Բարկացնում էր այն, որ երբ տղաները բարձրանում էին դիրքեր, կարծես նրանց մասին մոռանային, մոռանային, որ պետք է նոր խումբ ուղարկեն, որպեսզի նրանք իջնեն: Ծնողներն են գումար ուղարկել, որ տղաներն իրենց համար անհրաժեշտ ամեն ինչ գնեն»: Ընտանիքը Հովհաննեսին վերջին անգամ տեսել է 2022 թ. փետրվարի 2-ին՝ քրոջ հարսանիքի ժամանակ: «Վերադարձավ զորամաս, նորից բարձրացրեցին դիրքեր: Չէի հասցնում հասկանալ, թե երբ է դիրքերում, երբ՝ զորամասում, որ գնանք, իրեն տեսնելու: Յոթ ամիս իմ երեխուց կարոտով մնացի: Ծննդյանս օրը դիրքերից շնորհավորեց: 2022 թ.-ի օգոստոսի 16-ին թշնամին ցանկանում է դիրք գրավել, երեխեքը հետ են շպրտում: Ձեռնամարտ է սկսվում, կրակոցներ են հնչում: Սրա մասին ոչ մի տեղ չի խոսվում:
Տղաները պահում են դիրքը, բայց մեկ շաբաթ հետո այն առանց կռվի հանձնում են: Էլի տղաներն են պատմում, որ մեկ շաբաթ հետո սպայական կազմը պահանջում է հետ վերցնել դիրքը, ինչը, բնականաբար, տղաները չեն անում, դա նշանակում էր գնալ մահվան»: Մայրիկն ասում է՝ տպավորություն էր, թե որդու ծառայությունը դիրքերում էր անցնում, ամեն անգամ, երբ որոշում էին իր մոտ գնալ, Հովհաննեսն ասում էր. «Մի եկեք, դիրքեր ենք բարձրանում, կիջնենք, կզանգեմ»: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր: «Սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը 17:30-ին զանգեց: Կապը շատ վատն էր, անընդհատ անջատվում էր, քամի էր: Չասաց, որ դիրքերում է: Ձայնի մեջ տխրություն կար, բայց ոչինչ չասաց: Այդ օրը խոսել է միայն իմ ու տատիկի հետ: Իրեն այդ ժամանակ ասացի՝ պապային կասես, որ պոստ են տանելու: Արձագանքեց՝ խի՞, մե՛րս, գալո՞ւ ես հետևից: Կարծես ինչ-որ բան հուշեց ինձ, բայց ես չհասկացա»: 29 հոգի՝ Հովհաննեսն իր ընկերների ու հրամանատարի հետ զոհվել են Իշխանասարի ամենաբարձր դիրքում:
«Տղաների թիկունքը բաց է մնացել, նրանք ամենաբարձր կետում ապահովել են կրակը, իսկ ներքևի դիրքերի տղաները լքել են դիրքերը: Այս մասին հավաստում են վկաները, փաստերը, երբ ամեն ինչ վերլուծում ես, հասկանում ես, որ եթե ամեն ինչ կազմակերպված լիներ, ներքևի դիրքերը չլքեին, Հովհաննեսն ու մյուս տղաները կհասցնեին իջնել դիրքից»: Հովհաննեսը զոհվել է սեպտեմբերի 13-ի լուսաբացին: «Ինը տղան, ներառյալ Հովհաննեսը, իրենց մյուս ընկերների զոհվելուց հետո շարունակել են պայքարը: Բոլորը վիրավորումներ են ունեցել, Հովհաննեսը՝ երեք տեղից՝ ուսից, դաստակից, ոտքից: Տղաներն իրենք իրենց վիրակապել են ու շարունակել կռիվը՝ սպասելով օգնության: Առավոտյան 05:30-ի կողմերն արդեն փամփուշտ չեն ունեցել, անգամ նռնակներ չեն ունեցել, օգնությունն էլ չի հասել: Յաշման լցվել է իրենց դիրքը: Ուզում եմ սա շեշտել՝ տղաները չեն հանձնվել, նրանք չեն գերեվարվել, նրանք պայքարել են մինչև վերջին փամփուշտը և, մնալով առանց օգնության, անմահացել իրենց դիրքում»:
«Առաջինն ուժ է տալիս այն, որ իր շիրիմը միշտ այցելու ունենա, հանձինս ինձ: Իրեն ապրեցնելն է ինձ ուժ տալիս: Հովհաննեսս շատ երազանքներ ուներ, մտածում էր բիզնես հիմնելու մասին: Երազում էր մեծ ընտանիք՝ տասը երեխա ունենալու մասին:Ծառայում էր Հովհաննեսս, երբ իր քույրիկը ծնվեց՝ իր Անգելը: Անունն ինքն է որոշել: Հիմա ապրում եմ Անգելով, որն այնքան նման է եղբորը: Ասում էր՝ Անգելիս ես եմ պահելու, մանկապարտեզ ու դպրոց տանելու: Իր զոհվելուց հետո Հովհաննեսս եկել էր քույրիկի երազում ու ասել՝ նորից եմ գալու: Օգոստոսին մեր տանը տղա կծնվի»:
Հ. Գ. - Հովհաննես Եղիազարյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Արարատի մարզի հայրենի Գեղանիստ գյուղի գերեզմանատանը»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: