Կարևոր իրադարձություններ

ՀՀ պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է «Զարգացող շուկաների ֆիքսված եկամտով գործիքներ» խորագրով համաժողովին

11 Հունիս, 2024 20:14
ՀՀ պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է «Զարգացող շուկաների ֆիքսված եկամտով գործիքներ» խորագրով համաժողովին

Հունիսի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, պետական պարտքի կառավարման վարչության պետ Սամվել Խանվելյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը Լոնդոնում մասնակցել են Ջեյ Փի Մորգանի կողմից կազմակերպված «Զարգացող շուկաների ֆիքսված եկամտով գործիքներ» խորագրով համաժողովին և իրականացրել ոչ գործարքային իրազեկման արշավ: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Համաժողովի շրջանակներում իրականացվել են ինչպես անհատական, այնպես էլ խմբային հանդիպումներ միջազգային կապիտալի շուկայում գործող 27 խոշորագույն ակտիվների կառավարիչների, ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կազմակերպվել էր նաև Հայաստանին նվիրված առանձին պանելային քննարկում ներդրողների ավելի լայն շրջանակի հետ:

Պանելային քննարկման և առանձին հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՀՀ ընթացիկ տնտեսական զարգացումներն ու դրանց հեռանկարը, պետության կողմից իրականացվող բարեփոխումները, հարկաբյուջետային, պարտքային և դրամավարկային քաղաքականությունները, ներքին պարտքի դրամային շուկայում մասնակցության հնարավորությունը: Գրեթե բոլոր ներդրումային ընկերություններն ունեին դրական ընկալում Հայաստանի և նրա վարած տնտեսական քաղաքականության վերաբերյալ:

Ներդրողների հետ հանդիպումները կարևոր են միջազգային կապիտալի շուկայում Հայաստանի դիրքի ամրապնդման և պետական պարտատոմսերի ու ընդհանրապես արժեթղթերի շուկայում ինստիտուցիոնալ ոչ ռեզիդենտ ներդրողների մասնակցության ընդլայնման տեսակետից:

Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպել է նաև «Բլումբերգ» գործակալության ներկայացուցիչների հետ և քննարկել համագործակցության զարգացման հեռանկարները:

 

Լրահոս

Դիտել ավելին