Կարևոր իրադարձություններ

Հայ սամբիստները կմասնակցեն BRICS մարզական խաղերին

07 Հունիս, 2024 15:30
Հայ սամբիստները կմասնակցեն BRICS մարզական խաղերին

2024 թ հունիսի 12-ից 23-ը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվելու են BRICS միության անդամ երկրների մարզական 5-րդ խաղերը, որին այս անգամ հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու է նաև Հայաստանը:

Նախ, պարզաբանենք, թե ի՞նչ է BRICS-ը:

Հապավում է, կազմված է միության անդամ երկրների սկզբնատառերից. B-Brasil-Բրազիլիա, R-Russia-Ռուսաստան, I-India-Հնդկաստան, C-China- Չինաստան, S-Sout Africa-Հարավաֆրիկյան Հանրապետություն:

Միությունը ստեղծվել է 2006 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում անցկացվող տնտեսական ֆորումի ժամանակ, որին մասնակցում էին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի էկոնոմիկայի նախարարները՝ BRIC:

2010-ին միությանը պաշտոնապես միացել է նաև Հարավաֆրիկյան հանրապետությունը, այսպիսով BRIC-ը դարձել է BRICS:

Միության նպատակն, իհարկե, աշխարհաքաղաքական է, նաև՝ մարդասիրական, մշակութային, մարզական կապերի ընդլայնումն ու ամրապնդումը:

2024-ի հունվարից միությանը անդամակցել են նաև Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբյան, Եթովպիան:

Փաստենք, որ BRICS երկրները գրավում են երկրագնդի տարածքի՝ 30, բնակչության՝ 42 և ֆինանսների՝ 43 տոկոսը:

BRICS առաջին մարզական խաղերն անց են կացվել 2017-ին, ապա՝ 2018, 2019, 2022, 2023:

2024-ի խաղերին լինելու է 27 մարզաձև, խաղարկվելու է 387 հավաքածու մեդալ, մասնակցելու է շուրջ 4700 մարզիկ՝ ավելի քան 60 պետությունից:

Սամբոյի մրցումները տեղի կունենան հունիսի 14-ին և 15-ին՝ կանանց ու տղամարդկանց յոթական քաշային կարգերում:

Մերոնցից Կազան են մեկնելու Արթուր Մանուկյանը՝ 64 կգ, Արամ Աղաջանյանը՝ 71 կգ, Արթուր Հակոբյանը՝ 79 կգ, Վահագն Չալյանը՝ 88 կգ, Արսեն Խանջյանը՝ 98 կգ, Դավիթ Հարությունյանը՝ 98+ կգ, Աննա Այվազյանը՝ 50 կգ, Արփինե Մնացականյանը՝ 54 կգ և մարզիչներ Մարտին Միրզոյանն ու Վովիկ Խոջայանը:

 

Լրահոս

Դիտել ավելին