Կարևոր իրադարձություններ

Աստիճանաբար բացվում են փակագծերը. ի՞նչ է առաջարկում շարժումը. «Փաստ»

06 Հունիս, 2024 08:18
Աստիճանաբար բացվում են փակագծերը. ի՞նչ է առաջարկում շարժումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, որ հնարավոր իշխանափոխությունից հետո ամենևին էլ հեշտ չի լինելու, երևի թե շատ քչերին միայն պարզ չէ: Իրականության զգացողությունը պահպանած հայրենակիցները հստակ գիտակցում և իրենք իրենց հաշիվ են տալիս, որ ոչ միայն դյուրին չի լինելու Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, այլև շատ ավելի բարդ ու դժվար է լինելու դրանից հետո: Այդ «հետո»-ի վերաբերյալ նախօրեին որոշակի պատկերացումներ հրապարակայնացրեց «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ներկայացնելով «Անցումային կառավարության» գործառույթների վերաբերյալ պատկերացումների հիմնական թեզերը:

Ըստ այդմ, անցումային կառավարությունն ունենալու է 3 հիմնական գործառույթ.

1. Հաշտության կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում:

2. Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել:

3. Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի, իսկ ժամանակավոր կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը:

Ամեն ինչ հնարավորինս պարզ է, ընկալելի, բայց թե՛ այդ թեզերից յուրաքանչյուրը, թե՛ դրանց առանձին բաղադրիչներ, այսպես ասենք՝ փակագծերը բացելու կարիք ունեն: Հարկավ, հունիսի 9-ին հայտարարված հանրահավաքում Բագրատ Սրբազանն ու շարժման ղեկավար կազմ ընկալվող գործիչները, երևի թե, հնարավորինս կբացեն ակնարկյալ փակագծերը: Սակայն մինչ այդ էլ հնարավոր է պատկերացումներ ներկայացնել հռչակված թեզերից յուրաքանչյուրի վերաբերյալ, այդ թվում՝ հիմնվելով շարժման ընթացքում գլխավոր հարթակից հնչած հայտարարությունների, մոտեցումների վրա: Առաջինը ժամանակավոր կառավարության հարցն է:

Հասկանալի է, որ «արտահերթ իշխանափոխության» պարագայում դա ամենից տրամաբանական քայլը կարող է լինել: Իսկապես, հնարավոր իշխանափոխությունից կամ, ավելի ճիշտ, Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո ձևավորվելիք կառավարությունը պետք է լինի ժամանակավոր: Կարելի է այն անվանել «անցումային», «հաշտության», «ճգնաժամային», այլ տարբերակներ, բայց դրանից նրա ակնկալվող գործառույթներն ու տրամաբանությունն, ըստ էության, չեն փոխվում: Ամեն պարագայում, էականը ժամանակավոր կամ անցումային լինելն է այդ կառավարության: Նմանապես տրամաբանական է, որ այդ կառավարությունը ձևավորվի՝ ներկայացնելով ցանկությունները այն շրջանակների, որոնք անմիջականորեն ներգրավվել են այդ պայքարում:

Բայց մյուս կողմից՝ դա պետք է լինի «մասնագետների կառավարություն» կամ, ինչպես սիրում են ասել քաղաքագետները, տեխնոկրատ կառավարություն, զերծ զուտ կուսակցական կամ կոալիցիոն ռևերանսներից, քվոտավորումից ու նմանօրինակ դրսևորումներից: Հիմնականն այստեղ հաշտության պահն է. մեր հանրությանը՝ երկրի ներսում, և մեր ազգին՝ ի սփյուռս աշխարհի, այդ ներքին համերաշխությունն իսկապես էլ անհրաժեշտ է: Դա էական գործոն է՝ առկա ու հաջորդիվ ավելի սրվելիք մարտահրավերներին դիմակայելու համար: Իսկ դիմակայել հնարավոր է այն պարագայում, եթե մենք մոբիլիզացնենք մեր գլխավոր «ունեցվածքը», այն է՝ ազգային գիտական, մտավոր, տեխնիկական, մարդկային, կադրային բոլոր ռեսուրսները:

Կարևոր է և այն շեշտադրումը, որ հաշտությունը կարող է ու պետք է լինի արդարադատության պայմաններում. այսինքն՝ ավերակումների համար կոնկրետ մարդիկ և շրջանակներ պետք է կրեն քաղաքական պատասխանատվություն, իսկ որոշակի դեպքերում, օրենքի պահանջներին համապատասխան, պետք է կրեն նաև քրեական պատասխանատվություն: Մյուս կողմից՝ որքան էլ քիչ է խոսվում այդ մասին, բայց երևի բոլորն էլ հասկանում են, որ անցումային կառավարության առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի երկրի տնտեսական վիճակի կայունացումը, սոցիալ-տնտեսական առողջացումը կամ առնվազն կայունացումը, տնտեսության առանցքային ուղղություններով որոշակի բարելավումը, ամենից կարևորը՝ պետության պաշտպանունակության աստիճանի բարձրացումը, բանակի վերազինումն ու մարտունակության վերականգնումը»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին