Կարևոր իրադարձություններ

Աշխարհաքաղաքական կշեռքի վրացական բալանսը. «Փաստ»

04 Հունիս, 2024 08:47
Աշխարհաքաղաքական կշեռքի վրացական բալանսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության պայմաններում Վրաստանում նույնպես լարված ներքաղաքական իրավիճակ է ստեղծվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով։ Խնդիրն այն է, որ Վրաստանը աշխարհաքաղաքական կարևոր դիրք է զբաղեցնում թե՛ Արևմուտքի և թե՛ Ռուսաստանի համար, և որոշակի առավելություն կարող է տալ կողմերից յուրաքանչյուրին։ Նախ՝ Արևմուտքը փորձում է Վրաստանի միջոցով երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ կամ Թբիլիսիին քաշել լիովին իր առանցք։ Ու այս հարցում ԱՄՆ ներկայիս վարչակազմը շտապում է, որպեսզի սեփական հանրությանն արտաքին հաղթանակներ ցույց տա, քանի որ Ուկրաինայի հարցում տեղաշարժ չկա։ Բացի այդ, նախընտրական շրջան է, և բացառված չէ, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կարող է հաղթել հանրապետական Դոնալ Թրամփը, որը լիովին այլ մոտեցումներ ունի։

Բայց Վրաստանի իշխանությունները փորձում են հնրավորինս բալանսավորված քաղաքականություն վարել և թույլ չտալ, որ Արևմուտքն իրենց կրկին ներքաշի աշխարհաքաղաքական բախման ուղեծիր։ Դրա համար էլ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին հայտարարել է, որ երկրում «մայդան» չի լինելու։ Նա հիշեցրել է, թե ինչ հետևանքներ ունեցավ Մայդանը Ուկրաինայի համար։ Վարչապետի դիտարկմամբ, «Ուկրաինայի ղեկավարությունը դրսից նշանակվեց՝ մեկ, հետո երկրորդ անգամ, և վերջում նշանակողը պատասխանատվություն չկրեց իրադարձությունների զարգացման համար»։ Իսկ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խորհուրդ է տվել այն երկրներին, որոնք ցանկանում են Վրաստանն Ուկրաինայից հետո ռազմական գործողությունների գոտու վերածել, կենտրոնանալ Բալթյան տարածաշրջանի վրա, քանի որ իրենց համար պատերազմն անցյալում է։

Պետք է նկատի ունենալ, որ եթե Վրաստանը հայտնվի լիովին Արևմուտքի թելադրանքի տակ, ապա դրա արդյունքում Ռուսաստանը կկորցնի դեպի հարավ իր ազդեցությունը տարածելու հնարավորությունը, իսկ հետո հեշտ կլինի Հայաստանին ևս բերել արևմտյան ուղեծիր։ Ու Ռուսաստանում շատ լավ հասկանում են այս մասին, դրա համար էլ Մոսկվայից հայտարարություններ են հնչում, որ եթե չկարողացան լուծել Ուկրաինայի հարցերը, ապա խնդիրներ են ունենալու նաև հետխորհրդային այլ երկրների հետ կապված։ Պատահական չէ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարում է, թե Հյուսիսատլանտյան դաշինքի առանձին երկրներ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը Կովկասում, դրանով իսկ հասանելիություն ստանալ Կասպից ծովի ռեսուրսներին և ուղիղ ելք ունենալ դեպի Կենտրոնական Ասիա։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ եթե Արևմուտքը վերջնականապես հաստատվեց Վրաստանում, ապա հետագայում կարող է խնդիրներ ստեղծվեն նաև Չեչնիայում ու Դաղստանում, երբ Արևմուտքը կսկսի աջակցել այս շրջանների անջատողական ձգտումները։

Բավական է հիշել չեչենական պատերազմների մասին։ Մյուս կողմից էլ՝ եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա Սև ծովի մի հատվածը կհայտնվի թշնամական ռազմական միավորման վերահսկողության ներքո ու դրա արդյունքում խոցելի վիճակում կհայտնվի Սևաստոպոլից հետո իր մեծությամբ երկրորդ՝ Նովոռոսիյսկում գտնվող Սև ծովում ռուսական խոշոր նավատորմը։ Իսկ Ռուսաստանն էլ իր հերթին Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջոցով կարևոր ռազմավարական դիրքեր է վերցրել, որը հնարավորություն է տալիս նոր ռազմական կոնֆլիկտի բռնկման պարագայում շատ արագ իր համար խնդիրներ լուծել։ Ռուսաստանը կարող է լուծել նաև Եվրոպայի համար կարևոր նշանակություն ունեցող էներգետիկ հանգույցների, օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի և Հարավային գազային միջանցքի հարցերը։

Ու դրա արդյունքում Եվրոպան էներգետիկ առումով կդառնա առավել խոցելի ու կախված կլինի Ռուսաստանից։ Այսինքն, ՌԴ-ն կարող է պահանջել, որ էներգակիրները հենց ՌԴ տարածքով դուրս գան դեպի Եվրոպա։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը կարող է փակել Թուրքիայի ու Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունեցող տրանսպորտային նախագծերի ճանապարհը, որոնցից մեկն էլ, օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է։ Պատահական չէ, որ հիմա Թուրքիայի կողմից ակտիվորեն առաջ է տարվում «Միջին միջանցքի» գաղափարը, որի միջոցով Չինաստանը կարող է կապվել Եվրոպայի հետ։ Անկարան Արևմուտքին շահագրգռելու համար ներկայացնում է այն հանգամանքը, որ այն լիովին շրջանցում է պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի տարածքը և կարող է դառնալ կարևոր այընտրանքային ուղի։ Ու Անկարայից փորձում են նաև այս նախագծի մեջ ներառել նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

Բացի այդ, միջանցքի նախագիծը դիտարկվում է նաև պանթուրքական ծրագրերի իրականացման համատեքստում, քանի որ այն հիմնականում անցնելու է թյուրքալեզու պետությունների տարածքով, ու Թուրքիան դեպի այդ երկրներ իր ազդեցությունն ընդլայնելու և ինտեգրացիոն գործընթացները խորացնելու հնարավորություն կստանա։ Եթե «Զանգեզուրի միջանցքի» թեման դեռևս հիպոթետիկ է, բայց եթե հանկած ՌԴ-ն որոշի, որ խաթարի Վրաստանով անցնող ու Թուրքիան Ադրբեջանի հետ կապող ճանապարհի և երկաթգծի գործունեությունը, ապա «Միջին միջանցքի» նախաձեռնությունը կարող է ուղղակի հօդս ցնդել։ Ու արդյունքում Մոսկվան կարող է պահանջել, որ Չինաստանը Եվրոպային կապող ցամաքային ճանապարհն անցնի հյուսիսային միջանցքով, այսինքն՝ իր տարածքով։

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ մյուս կողմից էլ ՌԴ-ն նոր տրանսպորտային միջանցք գործարկելու հնարավորություն է ստանում Վրաստանով, ապա Հայաստանով կապվել Իրանի հետ, ապա դուրս գալ Պարսից ծոց։ Թեհրանը ևս շահագրգռված կլինի այս հարցով՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա անվստահությունը, իսկ մյուս կողմից էլ՝ Իրանը միանգամից դուրս կգա դեպի Սև ծով ու Եվրոպա, իսկ դրանով պանթուրքական նախագծերի ճանապարհը կարող է կտրվել»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին