Կարևոր իրադարձություններ

25-ամյա կոմպոզիտորի մարմինը գտել են ջրահեղձ եղած. քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ խոսնակ (լուսանկարներ)

03 Հունիս, 2024 13:36
25-ամյա կոմպոզիտորի մարմինը գտել են ջրահեղձ եղած. քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ խոսնակ (լուսանկարներ)

Հունիսի 1-ից որոնվող 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին գտնվել է: Նրան գտել են ջրահեղձ եղած:

Ինչպես փոխանցում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, հունիսի 1-ին, ժամը 12:23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող հյուրանոցի հյուրերից մեկը տևական ժամանակ է բացակայում է, սակայն իրերը տեղում են. ենթադրվում է, որ լճում խեղդվել է:

Հունիսի 1-3-ը ենթադրյալ տարածքում քաղաքացու որոնողական աշխատանքները իրականացնելու նպատակով ընդգրկվել են հատուկ ջրափրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, 3 ջրասուզակ, 9 ջրափրկարար`2 մոտորանավակով և 17 փրկարար:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են լճում, հարակից անտառում և հանդամասերում․ կիրառվել են ջրային և օդային հետախուզության միջոցներ՝ ստորջրյա «Гном» սարքավորում և անօդաչու թռչող սարք։

Ըստ պաշտոնական տեղեկության` երիտասարդ կոմպոզիտորի մարմինը գտել են այսօր առավոտյան, ափից 60-70 հեռավորության և 4 մ խորության վրա:

«Դեռևս հունիսի 1-ին հանգստյան գոտուց ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է անհետ կորել: Անհետ կորելու վերաբերյալ ստացած հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Այժմ քննություն է ընթանում»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը` հավելելով, որ դատաբժշկական փորձաքննությունը ցույց կտա երիտասարդ աղջկա մահվան պատճառը. դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան։

Ըստ հարազատների` Անահիտը գնացել էր հանգստանալու, եղանակը անձրևային էր և շատ ցուրտ, չեն կարծում, որ կլողար:

 

Լրահոս

Դիտել ավելին