Կարևոր իրադարձություններ

Խաչատրյանի անվան 20-րդ մրցույթի բացման գալա համերգին ելույթ կունենա Դիանա Ադամյանը

01 Հունիս, 2024 11:31
Խաչատրյանի անվան 20-րդ մրցույթի բացման գալա համերգին ելույթ կունենա Դիանա Ադամյանը

Հունիսի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։

Այս տարի այն կանցկացվի ջութակ մասնագիտական կարգում։ Բացման արարողությունը և համերգը, ավանդույթի համաձայն, տեղի կունենան մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը։

Գալա համերգի ծրագրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Խաչատրյանի ստեղծագործությունները՝ «Ծնունդդ շնորհավոր», վարիացիաներ Արամ Խաչատրյանի թեմաներով, գործիքավորումը՝ Մարտին Ուլիխանյանի, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, որը կներկայացնի Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող, ջութակահար Դիանա Ադամյանը: Համերգի ընթացքում կհնչի նաև Ձոն ցնծության ստեղծագործությունը մեցցո-սոպրանոյի, խառը երգչախմբի, ջութակահարների անսամբլի, տավղահարների անսամբլի և նվագախմբի համար, մենակատար՝ Բելլա Ամարյան (մեցցո-սոպրանո)։

Համերգին ելույթ կունենա նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող երաժշտական այս ստուգատեսն իր կարևոր տեղն ունի աշխարհում անցկացվող միջազգային մրցույթների ընտանիքում։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։ Խաչատրյանի անվան մրցույթի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը։ Մրցույթն կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին