Կարևոր իրադարձություններ

Հասարակական տրանսպորտում բարեփոխումները պետք է հասցվեն ավարտին. Տիգրան Ավինյան

27 Մայիս, 2024 12:39
Հասարակական տրանսպորտում բարեփոխումները պետք է հասցվեն ավարտին. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանը պատրաստ է մարդկային և տեխնիկական միջոցներով հնարավորինս աջակցել՝ Լոռու մարզում առատ տեղումների պատճառով առաջացած հետևանքները վերացնելու գործում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ համայնքը մշտական կապի մեջ է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու պետական մյուս գերատեսչությունների հետ:

Շարունակվում է Մերգելյանի այգու հիմնանորոգումը: Շուրջ 5000 քմ զբաղեցնող հանգստի գոտին կվերագտնի իր երբեմնի նշանակությունն ու կառանձնանա նոր լուծումներով: Տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի: Վերակառուցման նախագծով այգու կանաչ հատվածը կընդլայնվի:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն արդեն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան: Նախագծով կներդրվեն ժամանակակից սարքավորումներ ու համակարգեր: Տարածքի ցանկապատումն ավարտվել է, ընթացքում է շուրջ 100 կմ կաթիլային համակարգի անցկացման գործընթացը: Տնկարանը կապահովվի նաև արևային էներգիայով սնուցվող լուսատուներով: 

Հանգստի գոտու վերածված Երևանյան լճի հարակից տարածքը կառանձնանա նաև կանաչապատման նոր լուծումներով: Շուրջ 130 հասուն ծառ, ավելի քան 2000 թուփ ու բույսեր են տնկվել, անցկացվել է ոռոգման նոր համակարգ, ժայռապատ հատվածների համար մշակվել է կանաչապատման նախագիծ, որում կիրառվում են տեղանքային ճարտարապետության հետաքրքիր տարրեր: 

Նոր Նորքում գտնվող Տորք Անգեղի արձանի հարակից կանաչ գոտին կվերածվի բացառիկ զբոսավայրի: Առաջիկայում կմեկնարկի նախագծի երկրորդ փուլը: Աշխատանքներն սկսելու համար կմաքրվեն առկա մեկ տասնյակից ավելի զավթված տարածքները. բոլոր տնտեսվարողներն իրազեկվել են:

Երևանը շարունակում է իր ֆինանսական միջոցների հաշվին արդիականցնել ավտոբուսային և տրոլեյբուսային հավաքակայանը: 18 մետրանոց նոր ավտոբուսների ձեռքբերումը հնարավորինս շուտ կազմակերպելու համար հանձնարարվել է այս ծրագիրը ևս դիտարկել համայնքի բյուջեով: 

«Հասարակական տրանսպորտում բարեփոխումները պետք է հասցվեն ավարտին, ինչի համար մեզ պետք են ևս 250 հատ 18 մետրանոց ավտոբուսներ:  Մենք մեր այս ուղուց որևէ կերպ չենք շեղվելու, թեկուզև փուլային եղանակով ու դժվարություններով պետք է իրականացնենք ծրագիրը»,- ընդգծել է քաղաքապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին