Կարևոր իրադարձություններ

Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ջերմոցի բույս են հիշեցնում. «Հրապարակ»

24 Մայիս, 2024 08:21
Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ջերմոցի բույս են հիշեցնում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ջերմոցի բույս են հիշեցնում: Նրանք ուզում են իրենց ամեն խոսքին հասարակությունն արձագանքի միայն օվացիաներով, ոչ մի թթու խոսք չասի իրենց հասցեին, ֆեյսբուքներում եւ լրատվամիջոցներում նրանց չքննադատեն ու չհայհոյեն: Երբ կոչ անեն, իրենց մեկ կոչով հարյուր հազար մարդ հավաքվի հրապարակներում: Կամ` ավելի լավ կլինի ուրիշների կոչով հավաքվեն, ուրիշները հեղափոխություն անեն, չարչարվեն` հասնեն իշխանափոխության, իսկ իշխանություն ձեւավորելու պահին քաշվեն մի կողմ` այդ իշխանությունը սկուտեղի վրա մատուցելով իրենց:

Իրենց ականջները հայհոյանք լսելու համար չեն, իրենց ոտքերը շատ քայլելու համար չեն, իրենք չպետք է հայտնվեն ոստիկանություններում եւ ուժայինների դեմ կռիվ տան, փողոց չպետք է փակեն, հանրահավաք չպետք է կազմակերպեն, միտք ու էներգիա չպետք է ծախսեն: Իրենք միայն կաբինետներում, այն էլ` բարեկարգ կաբինետներում նստելու համար են: Այս մարդիկ չեն հասկացել, որ կռվողն է միայն հասնում հաջողության, եւ իշխանություն ունենալու համար մեծ ցանկությունը բավարար չէ` հարկավոր է լուրջ, ծանր աշխատանք անել:

Եվ այն բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները, որ վախենում են կեղտոտվել, չարչարվել, բանտերի ու ծեծի, հայհոյանքների ու վարկաբեկումների միջով անցնել, նրանք երբեք հաջողություն չեն ունենալու: Ոչ մի սրբազան չի վերցնելու իշխանությունը եւ չի մատուցելու իրենց, եթե իրենք սրբազանի կողքին, նրա հետ հավասար, նրանից առավել կռիվ չեն տալիս այսօր: Ո՛չ Արման Թաթոյանը, ո՛չ Արթուր Վանեցյանը, ո՛չ նախկին ու ներկա որեւէ գործիչ ապագա Հայաստանում տեղ չեն ունենալու, եթե այս բարդ փուլում տանը նստած հետեւում են, թե ինչ է կատարվում երկրում, ինչպես են մարդիկ պայքարում իրավիճակը փոխելու համար»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին