Կարևոր իրադարձություններ

Միրզոյանն ու Բոնոն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգին

23 Մայիս, 2024 20:10
Միրզոյանն ու Բոնոն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծում առանցքային հարցերի շուրջ մոտեցումներին և դրանց համաձայնեցման ուղղությամբ ջանքերին:

Նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հանձնառությանը հավատարմության, պայմանագրում ամրագրման և հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի կարևորությունը: Այս համատեքստում ընդգծվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների վերջին հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է թեմայի շուրջ վերջին քննարկումներն ու ՀՀ մոտեցումները, որոնք շարունակում են համահունչ լինել հանրահռչակված՝ ինքնիշխանության ու ազգային օրենսդրության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքներին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգին, այդ թվում՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական երկխոսության ձևաչափի շրջանակներում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին