Կարևոր իրադարձություններ

Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Բլահան՝ Արշակյանին

14 Մայիս, 2024 00:25
Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Բլահան՝ Արշակյանին

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Բրատիսլավայում:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը:

Մայիսի 13-ին պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահային: ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել հրավերի եւ հյուրընկալության համար, ընդգծել երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերը, իրար կապող մշակութային եւ հոգեւոր արժեքները:

Կարեւորվել է պետությունների շահագրգռվածությունը՝ ընդլայնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Հատկապես կարեւորվել է խորհրդարանականների դերը երկխոսության զարգացման հարցում:

Հանդիպմանը ներկայացվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային զարգացումները, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման եւ սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:

Կողմերը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման կարեւոր բաղադրիչ:

«Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն: Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. մենք որդեգրել ենք խաղաղության եւ ժողովրդավարության ուղին, հաստատակամ ենք մեր ընտրության մեջ եւ ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը:

Միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների հարգումը կարեւոր հիմք են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Խոսելով տարածաշրջանում երկարատեւ խաղաղության մասին` Հակոբ Արշակյանը նշել է, որ ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանային խաղաղության կարեւորագույն բաղադրիչներից է:

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահի տեղակալը եւս կարեւորել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները:

Խոսելով մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին` Լուբոշ Բլահան նշել է, որ Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Նա կարեւորել է Սլովակիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը` նշելով, որ հավելյալ ջանքեր կգործադրվեն առկա հարաբերությունների էլ ավելի զարգացման համար: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին