Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել. ՆԳՆ խոսնակ

13 Մայիս, 2024 12:41
Բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել. ՆԳՆ խոսնակ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր վաղ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի կոչով փակել են մի շարք փողոցներ, բերման է ենթարկվել ակցիայի ավելի քան 130 մասնակից: Անհնազանդության ակցիաների ժամանակ նաև լրագրողների մասնագիտական գործունեությունն է խոչընդոտվել: Ակցիայի ընթացքում լրագրողներից մեկն ուշաթափվել է:

«Բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների հետ կապված միջադեպերի առնչությամբ սկսվել է ծառայողական քննություն։ Գործերից մեկը կապված է լրագրող Մերի Մանուկյանի, մյուսը` լրագրող Հասմիկ Առաքելյանի հետ: Հանգամանքները պարզելու ուղղությամբ մշտադիտարկում է իրականացվում»,-Shabat.am-ի հետ զրույցում նշեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Խոսնակի փոխանցմամբ` բերման ենթարկվածների թվի փոփոխություն այս պահին չկա: Փակ փողոցներ ևս չկան:

Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն անդրադարձել է նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանը` նշելով, որ հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:

Ըստ ՄԻՊ-ի` իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման, առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք:

Արձանագրված միջադեպերի կապակցությամբ ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից:

Ինչպես տեղեկանում ենք ՔԿ-ից, Երևան քաղաքի Սարկավագի փողոցում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից ավտոճանապարհը փակվել է աղբամաններով։ Այդ ակցիայի մասնակիցներից մեկը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս:

Ինչպես Shabat.am-ին փոխանցեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, բացի վերոնշյալից, այլ հաղորդումներ Քննչականը չի ստացել:

«Ստացվելու դեպքում քրեական վարույթի նախաձեռնման հիմքերը կուսումնասիրեն և համապատասխան ընթացք կապահովվի»,-հավելեց Աբրահամյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին