Կարևոր իրադարձություններ

Վրաերթի ենթարկված 9-ամյա տղան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

02 Մայիս, 2024 00:14
Վրաերթի ենթարկված 9-ամյա տղան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Այսօր՝ մայիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Սահակ Ն․-ն իր վարած «Mitubishi» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Ղարիբջանյան գյուղի 17-րդ փողոցի կենտրոնական խաչմերուկում՝ մատուռի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 9-ամյա Հայկ Ղ․-ին։


Վրաերթի ենթարկված երեխան շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

Վարորդը դեպքի վայրից ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Դեպքի վայրում վարորդը հրաշքով է փրկվել, քանի որ մի քանի գյուղացիներ, երբ լսել են, որ երեխան մահացել է, հոգեկան ապրումներից դրդված փորձել են վարորդի հետ հաշվեհարդար տեսնել, անգամ ցանկացել են ավտոմեքենան հրկիզել, սակայն այդ ամենը կանխվել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Ախուրյանի բաժնի, ոստիկանության ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկների կողմից։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․

«Երբ այս ճանապարհահատվածը քարուքանդ էր, ոչ մի վթար տեղի չէր ունենում։ Մոռացել էինք ավտովթարների մասին։ Բայց հենց ճանապարհը կապիտալ վերանորոգվեց, մեր ուրախությունը կարճ տևեց, քանի որ որոշ «վայ վարորդներ», «տանջում են գազի սեղմակը» ու դրանց «հաբրգած» քշելու պատճառով վթարներ ու վրաերթեր են տեղի ունենում։ Արդեն մահվան ելքով մի քանի դեպք է արձանագրվել ու ամեն անգամ դիմել ենք պատասխանատուներին, խնդրելով, որ էդ անտեր արհեստական անհարթություններից տեղադրեն, բայց ոչ մի օգուտ։ Վստահ ենք, եթե դա լիներ, էսօր էս մեր երեխան, որ երկու օր հետո պետք է իր ծննդյան օրը նշեր, ողջ կլիներ, սակայն հողին ենք հանձնելու ու իր ծննդյան օրը այցելելու ենք շիրմին։ Գոնե այս դեպքից հետո պատկան մարմինները մարդ լինեն ու էդ արհեստական անհարթություններից տեղադրեն, թե չէ վթարների ու վրաերթերի պատճառով երանի ենք տալիս քարուքանդ ճանապարհին»։ 

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում աշխատել է նաև փորձաքրեագետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին