Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

12 Ապրիլ, 2024 21:47
Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել էին, որ Բերդի 26-ամյա մի բնակիչ 1-2 ամիս առաջ առանց համապատասխան փաստաթղթի Ծաղկուտ հանդամասում բենզասղոցով հատել է ծառեր: Ապրիլի 4-ին նա հրավիրվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքն ու նշել, թե դրանք եղել են քամատապալ ծառեր: Նաև հավելել է, որ հաճարենու և կաղնու մոտ 12 խորանարդ մետր փայտանյութն իր «ՈՒԱԶ»-ով տեղափոխել է Արմենասար հանդամաս` հետագայում վաճառելու համար:

Փայտանյութը հայտնաբերվել է:

Ապրիլի 5-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Տավուշի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ծառայողներն այցելել են Չինչին գյուղի 62-ամյա մի բնակչի տուն: Բակում, տեսանելի տեղում, հայտնաբերվել է սոճենու երկուսուկես մետր երկարությամբ 42 տախտակ: Տանտերը հայտնել է, թե երկու սոճենի հատել է անցած տարի` գյուղի գերեզմանատան տարածքից, սակայն ներկայացրել է փայտանյութը տեղափոխելու վերաբերյալ 2019 թվականին տրված տեղեկանք:

Ապրիլի 8-ին նույնանման տեղեկություն են ստացել Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները: Ըստ տեղեկության` Վարագավան գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդն Արծվաբերդի անտառտնտեսության տարածքում ապօրինի հատում է ծառեր և փայտանյութն «ՈՒԱԶ»-ով տեղափոխում իր տան բակ:

Ստուգման նպատակով ոստիկանները մեկնեցին Վարագավան: Բակում հայտնաբերված փայտանյութի վերաբերյալ տղամարդը հայտնեց, որ առկա է շուրջ 30 խորանարդ մետր փայտ, այնինչ իրավապահներին ներկայացրել է անտառտնտեսության տված հարկային հաշիվներ` ընդամենը չորս խորանարդ մետրի համար:

Բոլոր դեպքերով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին