«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Իշխող կառավարությունը եւս մեկ շինարարական նախագիծ է ձախողել։ Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցումը, որը մեկնարկել էր 2021 թվականին եւ նախատեսվում էր ավարտին հասցնել 2023 թվականին, մինչ այժմ ավարտված չէ։
2021 թվականի պայմանագրով սահմանված էր, որ շինարարական աշխատանքները պետք է սկսվեին պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եւ աշխատանքների կատարման ողջ ծավալով կատարման ժամկետ է սահմանվում 480 օրացուցային օրը՝ այսինքն 1 տարի 3 ամիս ժամկետը։ Նշված ժամկետում աշխատանքը պետք է ավարտվեր. հիշյալ պայմանագրի ընդհանուր գինը կազմել էր 574 մլն դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը Լոռու մարզի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացավ, որ Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման ընթացքում կառուցապատող ըկերության հետ խնդիրներ են եղել՝ աշխատանքները ո՛չ ժամանակին եւ ո՛չ պատշաճ կատարելու պատճառով. «Նախկին կապալառուի հետ պայմանագիրը խզվել է, եւ այժմ նոր պայմանագիր կնքելու գործընթաց է ընթանում։ Հիմա մեզ դեռ վերջնական ոչինչ չեն հայտնել, քանի որ պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է։ Մենք դիմել ենք, սակայն դեռ պատասխան չենք ստացել. ուզել էինք 2024 թվականի պայմանագրերի փաթեթ, բայց պատասխան չենք ստացել։ Նոր կապալառուի վերաբերյալ կնքված պայմանագրից ես տեղյակ չեմ. համենայնդեպս, մեզ պաշտոնապես չեն հայտնել»։
Մեր զրուցակիցը դժվարացավ հիշել՝ նախկին կապալառուն ով է եղել, սակայն նշեց, որ շինարարը եղել է Աշոտ Դանիելյանը։ Հավելեց նաեւ, որ բնակիչներին տեղեկացրել են, որ բնակելի շինության աշխատանքները կավարտվեն 2023 թվականին, իսկ պայմանագրում բոլորովին այլ բան է նշված։
Բանն այն է՝ քաղաքաշինության կոմիտեն տարեսկզբին կնքել է նոր պայմանագիր՝ Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման մնացորդային աշխատանքները ավարտին հասցնելու համար, սակայն, մարզում այդ մասին չեն ծանուցվել։
Նախորդ փորձից հետո տուժած քաղաքաշինության կոմիտեն նոր պայմանագրում առանձին կետ է սահմանել, ըստ որի, շինհրապարակի պատշաճ կազմակերպումը, կահավորումը չկատարելու դեպքում, սահմանվում է տուգանք՝ 350 հազար դրամ: Տեխնիկական անվտանգության նորմերը չպահպանելու համար՝ 1 մլն դրամ, սանիտարահիգենիկ եւ բնապահպանական նորմերի չպահպանման համար՝ 700 հազար դրամ»։
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: