Կարևոր իրադարձություններ

Աղետների ռիսկի կառավարման պլանի նախագծի շնորհանդես Վեդի համայնքում

04 Մարտ, 2024 14:15
Աղետների ռիսկի կառավարման պլանի նախագծի շնորհանդես Վեդի համայնքում

Փետրվարի 29-ին Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի ունեցավ աղետների ռիսկի կառավարման խորհրդի նիստ, որի ընթացքում ներկայացվեց ՆԳՆ Փրկարար ծառայության աջակցությամբ մշակված Վեդի համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի նախագիծը։

Նիստին մասնակցում էին ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության պետը, աղետների ռիսկի կառավարման ոլորտային պատասխանատուները, ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության ներկայացուցիչը, Վեդի համայնքի ղեկավարը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցները, համայնքի բնակավայրի հանրակրթական դպրոցների տնօրենները և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի մեկնարկին ՆԳՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց պլանի նպատակը:

«Աղետների ռիսկի կառավարման պլանի նպատակն արտակարգ իրավիճակների ժամանակ Վեդի համայնքի բնակչության անվտանգության և համայնքի դիմակայունության բարձրացումն է»,-նշեց նա։

Խոսելով նախագծի բովանդակության ու խնդիրների մասին՝ Հ․Հովաննիսյանը հանգամանալից ներկայացրեց, որ աղետների ռիսկի կառավարման պլանն ուղղված է աղետների ռիսկի նվազեցմանը, արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքմանը, արտակարգ իրավիճակներում համայնքապետարանի գործընթացի անխզելիության և շարունակականության ապահովմանը, բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը, բնակչության շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը։ Միևնույն ժամանակ պլանում հաշվի են առնվել աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորման ու զարգացման, սպառնացող վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտման, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների մշակման, գիտելիքի և նորարարության միջոցով բնակչության շրջանում անվտանգության և դիմակայունության մշակույթի ձևավորման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արձագանքման միջոցառումների մշակման, այդ թվում՝ կյանքի փրկության և վնասվածքների նվազեցման, գույքի պահպանման խնդիրները:

Ըստ բանախոսի՝ ներկայացվող աղետների ռիսկի կառավարման պլանի նախագիծն առանձնահատուկ է նրանով, որ աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներին արձագանքման միջոցառումների պլանավորման ժամանակ ցուցաբերվել են նոր մոտեցումներ՝ այն առավել իրատեսական, ինչպես նաև շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ բնակչությանը, հասանելի դարձնելու ուղղությամբ։

Վերջինս արձանագրեց, որ աղետների ռիսկի կառավարման պլանը կարող է օրինակելի փաստաթուղթ հանդիսանալ ոչ միայն հարևան համայնքների, այլև բոլոր մարզերի համայնքների համար։

Ծավալված քննարկումների արդյունքում մասնակիցները նաև հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը և առաջարկություններն ուղղել մասնագետներին։

Ներկաների կողմից հնչեցվեցին աղետների ռիսկի նվազեցմանն ու արտակարգ իրավիճակներին արձագանքմանն ուղղված տարաբնույթ հարցեր, այդ թվում՝ աղետների ռիսկի կառավարման գործընթացի վարման և ապահովման ուղղությամբ, որոնց ոչ միայն տրվեցին սպառիչ պատասխաններ, այլ նաև նշվեց, որ այդ հարցերի պատասխաններն արդեն իսկ ներառված են աղետների ռիսկի կառավարման պլանի նախագծում՝ գործնականում դրանք կյանքի կոչելու նպատակով։

Նիստի ավարտին Աղետների ռիսկի կառավարման պլանի նախագիծն արժանացավ համայնքի աղետների ռիսկի կառավարման խորհրդի անդամների հավանությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին