Կարևոր իրադարձություններ

Ատեստավորում անցնելուց հետո արտադպրոցական ուսհաստատությունների ուսուցիչների համար կսահմանվեն հստակ դրույքաչափի լրավճարներ. «Փաստ»

22 Փետրվար, 2024 08:02
Ատեստավորում անցնելուց հետո արտադպրոցական ուսհաստատությունների ուսուցիչների համար կսահմանվեն հստակ դրույքաչափի լրավճարներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԿԳՄՍՆ-ն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2023 թ. մարտի 2-ի N 269-Ն որոշման մեջ: Նախագծի նպատակը արտադպրոցական ուսհաստատության մարզիչ-մանկավարժի, խմբակավարի, դասատուի, ինչպես նաև որևէ արտադպրոցական ուսհաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձի՝ ըստ մարզաձևերի, ուղղությունների, առարկաների գիտելիքների իմացության աստիճանի գնահատումն ու դրա արդյունքում վերջինիս լրավճարի տրամադրումն է։

2023 թ. մարտի 2-ի թիվ 269-Ն որոշմամբ հաստատվեց պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և պետբյուջեից լրավճարի տրամադրման կարգը։ Այդ կարգով արտադպրոցական ուսհաստատություններում աշխատող մանկավարժական աշխատողները կամավոր ատեստավորումն անցնելուց հետո կարող էին լրավճար ստանալ միայն ատեստավորված ուղղության համար, այնինչ կառավարության 2022 թ.-ի «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» թիվ 596-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 72-րդ կետով՝ ատեստավորման արդյունքում ուսուցիչը հավելավճարը ստանում է անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել:
 
Կարգը թույլ է տալիս ատեստավորված մանկավարժական աշխատողներին տրամադրել լրավճար մեկ դրույք ծանրաբեռնվածության համար: 2023 թ.-ին կատարված վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ ժամավճարի դեպքում դա կազմում է նվազագույն գումար։ Հաշվի առնելով այս հանգամանքները և մանկավարժական աշխատողների մասնագիտական պատրաստվածության և կարողունակությունների բարձրացմանը զուգահեռ համահունչ պայմաններ ստեղծելու հիմքով՝ նախարարությունն առաջարկում է սահմանված կարգում կատարել համապատասխան փոփոխություններն ու լրացումները։

Արդյունքում կկարգավորվեն մանկավարժական աշխատողի կամավոր ատեստավորման պայմանների, ուսուցման գործընթացի բարձրացման արդյունավետության և կադրային համալրման հետ կապված հարաբերությունները, որը հիմք է հանդիսանալու մատուցվող ծառայությունների որակի բարելավման համար։ Հաշվի առնելով այն, որ արտադպրոցական ուսհաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված համայնքների բյուջեներից, սահմանվում է ամրագրված լրավճար հստակ տրամաբանությամբ: Ատեստավորման արդյունքում 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում 138 667, 80-89 տոկոսի դեպքում՝ 112 000, 70-79 տոկոս՝ 82 000, 60-69 տոկոսի դեպքում՝ 55 333 դրամ ֆիքսված լրավճար, ընդ որում բոլոր դեպքերում լրավճարը տրամադրվելու է անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից:

Ըստ նախարարության, առաջարկվող լրացումները նշված ուղղություններով թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսել համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովել և զարգացնել մանկավարժների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործել ուսհաստատությունների կառավարման մեխանիզմները»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին