«Փաստ» օրաթերթը գրում է.
«Շարժուն էր, աշխույժ, չափից դուրս անկարգ: Մանկապարտեզից մինչև դպրոց անկարգություն է արել: Սովորել չէր սիրում, իրենը սպորտն էր: Մի քիչ ֆուտբոլ, մի քիչ կարատե, չէր սիրում մի տեղում երկար մնալ: Ուզում էր ամեն ինչից սովորել: Երկու-երեք ամիս գնում էր պարապմունքների և ասում՝ սա ինձ բավարար է: Մտածում էինք, որ բանակում էլ մի քանի ամիս ծառայելուց հետո կասի, թե էլ չի ուզում ծառայել: Բայց իր ծառայությունն ու համազգեստը շատ էր սիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Արմենի մայրիկը:
Բնավորության գիծ ուներ, որ մի բան ուզում էր անել, այնքան պետք է կպներ, մինչև աներ: Կարծում եմ, որ այդտեղից է եկել այդ անունը: Ծառայության ժամանակ երկու անգամ արձակուրդ է եկել, այն էլ՝ խրախուսանքներով: Մի անգամ, որպես դիպուկահար, ծառայության մեջ առանձնահատուկ աչքի ընկնելու համար էին արձակուրդ տվել, մյուս անգամն էլ ցանկացել էր ջուր խմել, իր վերադասներից մեկը անցնելուց էր եղել, ջուրը չէր խմել, պատիվ էր տվել: Վերադասը մոտեցել էր, մի քիչ զրուցել, իրեն հինգ օրով արձակուրդ էին ուղարկել: Իր զինգրքույկը հիմա մեզ մոտ է, գրված է, որ շատ լավ տիրապետում էր իրեն ամրակցված զենքին, օրինակելի զինվոր էր և այլն: Իր թույլ տեղն իր ընկերներն էին, շատ ընկերասեր էր: Վերջում էլ կյանքն իր ընկերների համար տվեց»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր:
«Սեպտեմբերի 12-ի երեկոյան զանգեց, ասաց՝ տղերքի հետ «չայնիում» նստած եմ, կզանգեմ: Հարցրեցի՝ քույրիկներին զանգե՞լ է, թե՞ ոչ, պատասխանեց, որ կզանգի: Մեծ քրոջը նամակ էր գրել, թե «ի՞նչ կա, Անի՛», քույրիկը պատասխանել է՝ «բան չկա, մեռնեմ քեզ, դու ասա», բայց այդ նամակն անպատասխան է մնացել: Արմենը զորամասում է եղել: Երբ տագնապ են հայտարարել, ընկերներից մեկն ասել է՝ Արմե՛ն ջան, գլխարկս ու բլ յախս թողնեմ մոտդ, մեզ վերև են բարձրացնում: Ասել է՝ ես էլ եմ գալիս: Ընկերն արձագանքել է, որ իրեն չեն տանի, նոր է իջել, իր ընկերներն էլ վերևում են: Պատասխանել է՝ դրա համար էլ գալիս եմ, տղերքը վերևում են: Գնացել է, իր սպային տեղեկացրել, նստել մեքենան ու բարձրացել իր տղերքի մոտ: Իրենց սպայի հետ ութ հոգով են եղել: Շատ թեժ մարտեր են մղել, երեխեքին չեն կարողացել կոտրել, մինչև լուսաբաց կռիվ են տվել: ԱԹՍ-ն հարվածել է: Տղաներն իրենց հրամանատարի հետ զոհվել են:
Գորիսի «Զանգեր» զորամասում 29 զոհ ունենք: Շատ բան չգիտենք, որովհետև բոլոր տղաները զոհվել են: Ասում են, որ հրամանատարը վիրավորվելուց հետո տղաներին նահանջ հրաման է տվել, բայց հրամանատարին մենակ չեն թողել: Շատ բաներ կան, որ բացահայտված չեն, շատ բաներ ավելի ուշ ենք իմացել, որոշ դրվագների մասին չգիտենք: Ծնողներով իրար գտել ենք, կիսվել մեր ունեցած տեղեկություններով: Իմ տղան փակբերան էր, ինչ էլ լիներ, ոչ ոք դրա մասին չէր իմանա: Սեպտեմբերի 13-ին ինձ ասում էին՝ Արմենդ ժիր է, հիմա կզանգի, բայց գիտեի, որ իմ աշխույժ տղան մինչև կեսօր պետք է զանգած լիներ: Երևի հասկանում էի, որ երեխուս կորցնում եմ»:
«Իր զոհվելուց հետո Արմենիս քույրիկին մի աղջիկ էր գրել, պարզվեց, որ Գորիսի խանութներից մեկում է աշխատում: Գրել էր. «Ձեր զինվորին ճանաչում ենք, մայրիկիդ շնորհակալություն կհայտնես այդքան լավ տղա դաստիարակելու համար»: Աղջիկներ և տղաներ նամակներ էին գրել իմ աղջկան, Արմենի մասին խոսել, ինձ շնորհակալություն փոխանցել»: Տղաների մասին զրույցները շատ լուսավոր ու պինդ են ստացվում, չնայած ամբողջ ցավին ու կարոտին:
«Իր մասին՝ լացը՝ երեսիս, բայց ծիծաղով եմ պատմում: Հաճախ ենք զրույցների ժամանակ ասում՝ 19 տարվա մեջ հասցրեց ամեն ինչ անել: Արմենից հետո մի ընթացք շատ կոտրվեցի: Հարցերս Աստծուն շատ էին: Ամուսնուս մահվանից հետո ահագին ժամանակ դեպրեսիայի մեջ էի, հետո ինձ հավաքեցի, որ կարողանամ երեխաներիս մասին հոգ տանել: Հիմա աղջիկներս են ուժ տալիս, իրենց համար եմ ապրում: Փոքր աղջիկս 2 տարեկան էր, երբ հայրիկը մահացավ, իսկ հիմա էլ՝ եղբայրը: Իր համար շատ դժվար է: Փոքր քույրիկի համար հայրիկ էր, ընկեր, եղբայր: Առհասարակ, որպես եղբայր, երբեք չի նեղացրել իր քույրիկներին՝ ոչ՛ մեծին, ո՛չ փոքրին: Փորձում եմ անթերի ապրել, առանց չարանալու, հույսով, որ գոնե մի օր հանդիպեմ տղայիս: Տղես մի ակնթարթ եկավ էս աշխարհ ու գնաց: Փորձում եմ տղայիս արարքը հասկանալ, նա մտածել է, որ թուրքը կհասնի Հայաստան, իսկ ինքը տանը երկու քույր ունի: Մեր տղաներին այդպես պետք է դաստիարակենք՝ քո ընտանիքն ու հայրենիքը պետք է սիրես, որովհետև եթե տուն ու հայրենիք չունես, անտեր ես, չգիտեմ էլ, թե որ կարգի մարդ ես դառնում: Քո հողում պետք է ապրելու տեղ ունենաս»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: