«Փաստ» օրաթերթը գրում է.
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման մեջ: Նպատակն է կանոնակարգել ճանապարհների պաշտպանական գոտիներում գտնվող տարածքների կառուցապատման հետ կապված հարցերը: Նշվում է, որ ներկայում ճանապարհների պաշտպանական գոտիներում գտնվող տարածքների կառուցապատման հետ կապված առկա են խնդիրներ, մասնավորապես՝ բնակավայրերից դուրս տարածքներում ավտոճանապարհների կողային տեսանելիության, ճանապարհների մուտքերին և ելքերին ներկայացվող պահանջների, պաշտպանական գոտիներում հողերի նպատակային նշանակության և կառուցապատման իրականացման թույլտվություններում տեղ գտած թերությունների, ինքնակամ կառուցված օբյեկտների կանոնակարգման հետ։
Բացի դա, առաջարկվում է գործող որոշման 8-րդ կետի 2-րդ պարբերությունում ավելացնել միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում մինչև այս որոշման կառուցապատման առաջարկությունների փաստաթղթերի կազմելը համայնքի ղեկավարի կողմից քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները նաև ՏԿԵՆ-ի, ներքին գործերի նախարարության և օրենքով նախատեսված պետական կառավարման այլ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցնելու պահանջ:
Միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման արդյունքում անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրումը իրականացվելու է կառուցապատողի միջոցների հաշվին։ Կահավորանքի հետ կապված աշխատանքների՝ սահմանված կարգով կազմված նախագծերը համաձայնեցվում են ՏԿԵՆ-ի և ներքին գործերի նախարարության հետ: Առաջարկվում է սահմանել այլ պահանջներ ևս»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: