Կարևոր իրադարձություններ

Տնտեսական աճի նվազման պատկերն ու ռիսկի գործոնները. «Փաստ»

15 Փետրվար, 2024 08:47
Տնտեսական աճի նվազման պատկերն ու ռիսկի գործոնները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2022 թվականի ցուցանիշների համեմատ՝ անցած տարի տնտեսական աճի դինամիկայի նվազումն ակնհայտ է։ Եվ եթե նկատի ենք առնում, որ 2022 թվականին գրանցված 14,2 % աճի համեմատությամբ 2023 թվականը փակվեց ընդամենը 9,4 % ցուցանիշով, ապա գործ ունենք 4,8 %-ի չափով անկման հետ, ինչը լուրջ ցուցանիշ է։ Ընդ որում, աճի միտումների նվազումն առավել ցայտուն է հատկապես անցյալ տարվա երկրորդ եռամսյակից։

Սպասվում է, որ այս տարի ևս նվազման այս միտումը կպահպանվի։ Պատահական չէ, որ մասնագիտացված կառույցները հիմնականում ոչ լավատեսական գնահատականներ են հնչեցնում ՀՀ տնտեսական աճի տեմպերի դինամիկայի հետ կապված։ Օրինակ՝ Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում է համեմատաբար ցածր՝ 6,1 տոկոս տնտեսական աճ այն պայմաններում, երբ 2024 թվականի բյուջեի հիմքում դրված է 7 տոկոս տնտեսական աճի մասին կանխատեսումը։ Իսկ ահա «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ, 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6 %։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ էլ այս տարի Հայաստանը 5 % աճ կարձանագրի։ Առավել վատատեսական է Համաշխարհային բանկի կանխատեսումը։ Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցում նշվում է, թե 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի ընդամենը 4,7 %։
 
Փորձագետների գնահատմամբ, ՀՀ տնտեսության մեջ նկատվող տեղաշարժերը կապված են հիմնականում աշխարհաքաղաքական գործոններով։ Ու ինչպես արտաքին ազդակներով պայմանավորված տեղի ունեցավ խոշոր կապիտալի ներհոսք դեպի Հայաստան, ապա այդպես էլ կապիտալի արտահոսք է նկատվում։ Անցյալ տարի ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է շուրջ 2,23 տրիլիոն դրամ՝ 2 %-ով ավելի 2022թ. ցուցանիշից։ Բայց 2023 թվականին արտերկիր է փոխանցվել 1,6 տրիլիոն դրամ, ինչը 44 %-ով ավելի է 2022 թվականին արտերկիր փոխանցված գումարից։ Կապիտալի արտահոսքի արագացումը որոշ չափով պայմանավորված է այն հանգամանքով, որ ռուս ռելոկանտների մի ստվար հատվածը, որ Հայաստան էր տեղափոխվել ու նույնիսկ ընկերություններ գրանցել, նախընտրում է հեռանալ այլ երկիր կամ վերադառնալ Ռուսաստան։

Մյուս կողմից էլ՝ ստացվում է այնպես, որ 2022 թվականից սկսած Հայաստան ներհոսած խոշոր կապիտալը այդպես էլ չի ռեալիզացվում մեր տնտեսության մեջ և չի դառնում տնտեսական արդյունք։ Այդ գումարներն ինչպես մտնում են մեր երկիր, նույն կերպ էլ դուրս են գալիս, քանի որ չկա արտադրության և ծառայությունների համապատասխան բազա, որը կապահովի այդ կապիտալի վերարտադրությունը։ Ու եթե արտերկրից փոխանցվող գումարների ծավալը նվազի, ապա մեր տնտեսությունը դրանից լուրջ հարված կստանա։ Օրինակ՝ այս տարի կանխատեսվում է Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքի թուլացում, ինչն էլ դիտարկվում է տնտեսական աճի դանդաղելու պատճառներից մեկը։

Չկան նաև դրական ազդակներ ներդրողների համար, որոնք կարող են գումարներ ներդնել ՀՀ տնտեսության մեջ։ Խնդիրն այն է, որ ՀՀ տնտեսական աճը՝ արտաքին գործոններից կախված, պղպջակի է նմանվում, որը ցանկացած պահի կարող է պայթել ու փոխվել անկման, իսկ ներդրողներն առաջին հերթին գնահատում են Հայաստանում տնտեսական անկայունության ու ռիսկայնության աստիճանը»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին