Կարևոր իրադարձություններ

Ես ամեն ինչ կանեմ` մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, կանեմ աշխատանքի այն բաժինը, որը վերաբերում է մեզ. ՀՀ վարչապետ

12 Փետրվար, 2024 00:50
Ես ամեն ինչ կանեմ` մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, կանեմ աշխատանքի այն բաժինը, որը վերաբերում է մեզ. ՀՀ վարչապետ

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ –Այսինքն՝ որտե՞ղ է Հայաստանը։ Անկախ նրանից՝  ցանկանում եք, թե ոչ, դուք առնչվում եք Ուկրաինայի պատերազմի հետ, Ռուսաստանի և Արևմուտքի միջև այս մեծ առճակատման հետ, դուք նաև սահման ունեք Իրանի հետ, այժմ Իսրայելի ու Գազայի միջև պատերազմ է, որը պարունակում է լայնամասշտաբ իսրայելա-իրանյան պատերազմի վերածվելու ռիսկեր։ Այս ամենն այստեղ՝ Հարավային Կովկասում, ունեն ընդհանուր կետ։ Որքանո՞վ կարող է իրավիճակը վատթարանալ այստեղ։ Մտավախություն ունե՞ք, որ այս փոխկապակցված միջազգային ճգնաժամերը կարող են տարածվել այստեղ։

ՎարչապետՆիկոլ Փաշինյան – Ներողություն եմ խնդրում, Դուք ո՞ր երկրից եք:

 

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ - Ես Մեծ Բրիտանիայից եմ։ 

ՎարչապետՆիկոլ Փաշինյան – Տեսեք, ցավոք, և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ եվրոպական բոլոր երկրներում կան շատ խորը մտահոգություններ: Ես մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներին, և մենք ինչպես դռնբաց, այնպես էլ դռնփակ ֆորմատներով քննարկումներ ենք անում միջազգային իրադրության վերաբերյալ: Ես այսօր  աշխարհում չգիտեմ մի պետություն, համենայնդեպս՝ այն պետությունները, որոնց ղեկավարների հետ ես շփվում եմ, որն իր անվտանգության հետ կապված խորը մտահոգություններ չունենա: 

Ես սա ինչի՞ համար եմ ասում: Նախ՝ երկու բան: Ես չեմ ուզում, որ այս զրույցից տպավորություն ստացվի, թե Հայաստանում անվտանգության մարտահրավերներն էականորեն ավելի կրիտիկական են, քան աշխարհի բազմաթիվ այլ երկրներում: Բայց մյուս կողմից՝ ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե Հայաստանի կառավարությունը չի գիտակցում, թե Հայաստանի անվտանգության մարտահրավերներն ինչքան կրիտիկական են: Հասկանո՞ւմ եք:

Տեսեք, ես եվրոպական շատ երկրների ղեկավարների հետ եմ շփվում և ոչ միայն եվրոպական: Բոլոր երկրներում այդ անվտանգային մարտահրավերները կան, որովհետև մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ոչ մեկը չի կարող ասել, թե վաղն առավոտ ինչ տեղի կունենա կամ այսօր գիշեր: Սա է ժամանակակից աշխարհի ամբողջ տրամաբանությունը: Եվ եթե մենք վերցնում ենք նաև գլոբալիզացիան, որ աշխարհը շատ փոքրացել է. տեսեք, թե մեր շուրջն ինչ է կատարվում, Ուկրաինայում ինչ է կատարվում, Իսրայելում ինչ է կատարվում, մեր մոտակա ծովային ավազաններում ինչ է կատարվում և այլն: Որևէ մեկը չի կարող հանգիստ լինել: Եթե որևէ մեկը մտածում է, որ գլոբալ աշխարհում ինքն ավելի հանգիստ է կամ պիտի ավելի հանգիստ լինի, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ քաղաքացիները, իրենք էականորեն սխալվում են: 

Երկրորդը՝ Ձեր ասած մարտահրավերները. և սա ես ասում եմ ամենայն լրջությամբ, որովհետև հիմա և վերջին երկու տարում միջազգային հանրությունը քննարկում է՝ միջուկային պատերազմ կլինի՞, թե՞ չի լինի: Եվ քանի որ իմ դիրքն այնպիսի է, որ ես շփումներ ունեմ այդ միջուկային պատերազմի կարծես թե մի քանի կողմերի հետ, ես նաև գիտեմ, թե դա ինչքանով է լուրջ թեմա: Այս իմաստով, համենայնդեպս, Հայաստանն էականորեն ավելի ապահով է, որովհետև չեմ կարծում, որ որևէ մեկը պատրաստվում է Հայաստանին միջուկային հարված հասցնել: Մինչդեռ բազմաթիվ երկրներ վստահ չեն, որ այդքան ապահով են զգում իրենց: 

Ինչի՞ համար եմ ես այսպես արձագանքում Ձեզ: Ես ուզում եմ, որ Դուք ճիշտ հասկանաք. շատ կարևոր է հասկանալ, որ բազմաթիվ այլ երկրներում ավելի անվտանգ չէ, քան Հայաստանի Հանրապետությունում: Իսկ ուրիշ տեսակետից՝ Հայաստանի Հանրապետությունն, իմիջիայլոց, Numbeo-ի վերջին վարկանիշային աղյուսակի վրա, իհարկե, իր ներքին անվտանգության մակարդակով աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը: Այսինքն՝ հիմա Դուք նստած եք աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկրում, ինչը կարծում եմ՝ վատ չէ:

 

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Ո՞րն է Ձեր ուղերձն իմ ընթերցողներին, այն նախարարներին, ովքեր կարդում են իմ թերթը։ Որովհետև աշխարհը, ինչպես Դուք ասացիք, լրջորեն քննարկում է միջուկային պատերազմի հավանականությունը մի իրականությունում, երբ չգիտենք վաղն ինչ է լինելու․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես Ձեր ընթերցողներին հետևյալը կասեմ՝ ես գիտեմ, ինչ դժվար է, ես գիտեմ, ինչ բարդություններ է պետք հաղթահարել, և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, կանեմ աշխատանքի այն բաժինը, որը վերաբերում է մեզ, և ես հույս ունեմ, որ մեր տարածաշրջանի մյուս երկրները նույնպես այդպես կվարվեն: Մեր որոշ գործընկերների դեպքում կա որոշակի վստահություն, որ նրանք այդպես կվարվեն, մյուսների դեպքում՝ վստահությունն այդքան մեծ չէ, բայց մեր արտաքին հարաբերությունների առանցքային նպատակներից և իմաստներից մեկը դա է, և մենք այդ քաղաքականությունը վերնագրել ենք «տարածաշրջանացում», որպեսզի մենք կարողանանք մեր տարածաշրջանում հասնել խաղաղության: 

 

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Շնորհակալություն հարցազրույցի համար, պարոն վարչապետ։ 

ՎարչապետՆիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ։ Ամենայն բարիք Ձեզ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին