Կարևոր իրադարձություններ

Մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում. մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան

12 Փետրվար, 2024 00:00
Մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում. մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Դուք վերջերս, կարծեմ հենց այս շաբաթ խոսեցիք այն մասին, որ Հայաստանն այլևս չի կարող հենվել Ռուսաստանի վրա որպես իր հիմնական ռազմական և պաշտպանական գործընկեր։ Կարծում եմ՝ բավականին պարզ է, թե ինչու։ Ռուսաստանը չկատարեց իր պարտականությունները ՀԱՊԿ մասով։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում։ Հայաստանը դիտարկո՞ւմ է ապագայում ՆԱՏՕ-ի անդամակցություն։  

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք չենք ասել, որ ժխտում ենք և մերժում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանարապես և անվտանգության ոլորտում մասնավորապես: Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները: Ի՞նչ է սա նշանակում, արդյոք սա նշանակում է, որ մենք անվտանգային ոլորտում պատրաստվում ենք մեր հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ: Ոչ, դա չի նշանակում, բայց դա նշանակում է, որ անվտանգության ոլորտում պատրաստվում ենք և պատրաստ ենք, և քննարկում ենք ու աշխատում հարաբերություններ հաստատել, օրինակ, Եվրամիության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Ֆրանսիայի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Միացյալ նահանգների հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Հնդկաստանի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, և էլի բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մենք քննարկում ենք: Նույն Միացյալ նահանգների, կամ Ֆրանսիայի, կամ Հնդկաստանի, կամ Եվրամիության հետ անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները բնականաբար ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Դրանք պարզապես այն արձանագրման իրողությունն են, որ նախկինում մեր ունեցած անվտանգային հարաբերությունները չեն հասցեագրում մեր անվտանգային կարիքները: 

ՆԱՏՕ-ի հետ կապված մեր օրակարգում այդպիսի հարց չունենք: Այսինքն՝ մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում: Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, և այդտեղ որևէ նորություն չկա: Նախկինում ունեինք Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, հիմա վերաֆորմատավորվում է այդ ծրագիրը՝ կրկին համագործակցության որոշակի ձևաչափի, որը չի ենթադրում անդամակցություն: Ես Ձեզ մի բան ասեմ նաև, որ մենք նախ այսօր առնվազն դե յուրե Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ ենք, և ես վստահ չեմ, որ մեծ հաշվով կամ ավելի ճիշտ Հայաստանում այդ թեմայով կան քննարկումներ, թե բլոկային ռազմավարությունն ինչքանով է համապատասխանում Հայաստանի շահերին՝ ընդհանարապես երկարաժամկետ կտրվածքով: 

 

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Դուք ասում եք, որ Ռուսաստանին մեջքով չեք շրջվում։ Բայց դա այսօրվա աշխարհում իրատեսական չէ։ Այն երկրները, որոնք Դուք նշեցիք՝ սերտ կապերը Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, ԵՄ-ի հետ, նրանք լրջագույն աշխարհաքաղաքական առճակատման մեջ են Ռուսաստանի հետ։ Իրականում պետք է ընտրություն կատարեք, այդպես չէ՞։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դեռ Ուկրաինայի պատերազմը նոր էր սկսվել, ես կարծեմ Չեխիայի CNN-ին հարցազրույց տալով ասացի, որ Ուկրաինայի հարցում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք, և դա իրողություն է: Բայց նաև ուզում եմ ասել, որ  Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի, կամ մեր մյուս գործընկերների հետ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ուղղված չէ անվտանգային ոլորտում մեր մյուս գործընկերոջ դեմ: Այլ բան, որ մեր գործընկերներն իրենք ունեն մտավախություններ, թե նրանց հետ համագործակցությունն ինչպե՞ս կարող է ազդել իրենց անվտանգային համակարգերի վրա: Մենք փորձում ենք այդ հարցը կառավարել մեր գործընկերների հետ իրենց համատեղ օրակարգի մասով՝ լինելով մաքսիմալ թափանցիկ: 

 

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Վերադասավորվելու, այլ անվտանգային կառույցների հարելու ձեր փորձերի շրջանակում դուք միացաք Միջազգային քրեական դատարանին, կարծեմ դա տեղի ունեցավ փետրվարի 1-ին կամ հունվարի 31-ին, Հայաստանը պաշտոնապես միացավ Հռոմի ստատուտին։ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել Ուկրաինայում կատարած ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար։ Եթե Վլադիմիր Պուտինը ժամանի Երևան՝ նրան կձերբակալե՞ք։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ ես ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը Հռոմի ստատուտին միանալու գործընթացը սկսել է 2022 թվականի դեկտեմբերին, և այդ որոշումը կախված է եղել մեր անվտանգային միջավայրի փոփոխությունների գնահատմամբ: Մենք Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքները վերլուծելով և արձանագրելով, որ մեր անվտանգային համակարգում որոշակի ճեղքեր են առաջացել: Այդ առումով, մենք նաև Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք որպես մի լրացուցիչ գործոն՝ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Ես հասկանում եմ, որ ժամանակաշրջանը բարդ է եղել, հենց դրա համար էլ մենք այդ որոշումը կայացրել ենք: Այդ որոշումը ծառայում է Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը: 

Ինչ վերաբերում է իրավաբանական նրբություններին՝ ես չեմ կարող հիմա իրավական վերլուծություններ անել, որովհետև դա իրավաբանների գործն է: Կարծում եմ, ինչպես ասացի, Հայաստանը՝ որպես պատասխանատու պետություն, պետք է հավատարիմ մնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ այն պարտավորություններին, որոնք ունի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, այն պարտավորություններին, որոնք ունի միջազգային հանրության հետ հարաբերություններում: Իմիջիայլոց, այդ թեմայով նաև ամենատարբեր կարծիքներ, իրավական վերլուծություններ կան, և մասնավորապես, քիչ չեն այն իրավաբանները, ովքեր ասում են, որ պետության գործող ղեկավարներն իրենք այդ կարգավիճակի բերումով ունեն անձեռնմխելիություն, անհաղթահարելի անձեռնմխելիություն: Նկատի ունեմ՝ դա իրավական խնդիր է, քաղաքական հարց չէ, որը ես պետք է քննարկեմ և որին պետք է արձագանքեմ: 

 

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Աշխարհի մի մասն ասում է, որ Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի ռազմական հանցագործությունների համար։ Դուք դա անելու պարտավորություն ունեք։ Եթե նա գա Հայաստան՝ Հայաստանի ոստիկանությունը նրան կձերբակալի՞ և ուղարկի Հաագա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես Ձեզ մի այսպիսի գաղտնիք բացեմ. 2018 թվականից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, և ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն: Հայաստանում իրավակարգ կա հաստատված, կան իրավական ինստիտուտներ, և բոլոր դեպքերում Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ: Դրա համար մենք ունենք Դատախազություն, դրա համար մենք ունենք դատարաններ, դրա համար մենք ունենք Քննչական կոմիտե և այդպես շարունակ։ Շատ կարևոր է, որ նաև Արևելյան գործընկերության անդամ լինելով՝ Հայաստանի Հանրապետությունն առանձնանում է հատկապես անկախ դատական համակարգ ունենալու ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանության մեջ։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում վարչապետն ունի իր լիազորությունները։ Այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում և որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը` այս մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չէ ձերբակալել։ Բոլորը լուծվում են իրավական ընթացակարգերով։ 

 

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Ես հասկանում եմ, ես նկատի ունեմ, որ դա Ձեզ կարող է դնել որոշակի անհարմար իրավիճակի մեջ։ Հնարավո՞ր է, որ Դուք ուղղակի զանգահարեք Վլադիմիր Պուտինին և ասեք, որ նա ուղղակի չգա, քանի որ Դուք չեք կարող երաշխավորել, որ նա չի ձերբակալվի։ Սա բավականին անհարմար իրավիճակ է, այդպես չէ՞։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի։ 

 

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Դուք ասում եք, որ ձեր նոր համագործակցությունն Արևմուտքի հետ որևէ կերպ ուղղված չէ ընդդեմ Ռուսաստանի, որ Ռուսաստանն այդ մասով անհանգստանալու կարիք չունի, որ դուք ուղղակի բազմազանացնում եք ձեր անվտանգային միջավայրը։ Հիմա ես մեջբերում եմ մի անանուն աղբյուրի՝ ենթադրաբար բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյայի մեկնաբանությունը տրված հոկտեմբերին՝ ՏԱՍՍ գործակալությանը։ «Մենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 17-ի ելույթը Եվրոպական խորհրդարանում համարում ենք բացարձակապես անպատասխանատու և սադրիչ, մասնավորապես այն մասով, որը վերաբերել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը փորձում վերածվել 3-րդ Ուկրաինայի։ Փաշինյանը քվանտային թռիչքով գնում է Վոլոդիմիր Զելենսկիի ճանապարհով»: Եթե ես լինեի Ձեր տեղը, ես բավականին անհանգստացած կլինեի Ռուսաստանից հնչող նման հռետորաբանությունից, հաշվի առնելով այն, թե ինչ է անում Ռուսաստանն Ուկրաինայում։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ընդհանրապես, ես սիրում եմ մեջբերումները մեկնաբանել այն բանից հետո, երբ ինքս կկարդամ, ամենայն հարգանքով, երրորդ աղբյուրից, համենայնդեպս իմ քաղաքական փորձը դա է ցույց տվել։ Բայց, ընդհանուր առմամբ, շարունակելով նախորդ հարցը, հետևյալը կասեմ, որ մենք, ինչպես և ակնհայտորեն ասել եմ Եվրոպական խորհրդարանում իմ ունեցած ելույթում՝ մենք համագործակցում ենք Եվրամիության, Եվրամիության հետ մեր հարաբերությունները խորանում են։ 

Իմիջիայլոց, ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր փաստի վրա, որ մեր տարածաշրջանում վերջին ամիսներին շատ էական իրադարձություն է տեղի ունեցել և այդ էական իրադարձությունն անկախ վերաբերմունքից և քաղաքական գնահատականներից, որովհետև կարող է տարբեր լինել վերաբերմունքը և քաղաքական գնահատականը, բայց մեր անմիջական հարևան և բարեկամ Վրաստանը դարձել է Եվրամիության անդամության թեկնածու։ Ըստ էության, կարծում եմ, որ Հայաստանի համար շատ կարևոր և էական է դիրքավորվել այդ իրադարձության շուրջ։ Իհարկե, ես առիթ եմ ունեցել Վրաստանի իմ գործընկերոջը և Վրաստանին, Վրաստանի ժողովրդին շնորհավորել այդ կարևոր իրադարձության առիթով։ Կարծում եմ, որ դա մի իրադարձություն է, որ անխուսափելիորեն նաև ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի ընդհանուր պատկերի և մթնոլորտի վրա։ Հայաստանի Հանրապետությունը և մեր կառավարությունը պիտի դիրքավորվի այդ իրադարձության նկատմամբ։ Կարող եմ մի բան ասել, և թերևս իմ ասածից ակնհայտ է` եթե ես Վրաստանին և Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել եմ այդ առիթով, ակնհայտ է, որ ես դա համարում եմ դրական իրադարձություն։ Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ կունենար շնորհավորելը։ 

 

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Նկատի ունեմ ցանկություն ունեք տանել ձեր երկիրը ԵՄ-ի ուղղությամբ։ Այն սարքել նպատակ։ Դա խելամի՞տ է: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ուղղությունը պետք է պարզաբանել, թե ինչ նկատի ունենք, որովհետև դեռևս իմ վարչապետ դառնալուց առաջ Հայաստանը և Եվրամիությունը ստորագրել են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» պայմանագիր։ Հիմա այդ պայմանագիրն իրագործման փուլում է։ Ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները խորանում են և ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները խորանում են այդ թվում՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի» իրականացման պայմաններում և պատճառով: Բայց, իհարկե, մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները սերտանում են նաև այն պատճառով, որ միջազգային հանրության գնահատականով մենք տեսանելի հաջողություններ ունենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին:

Գիտեք, այս նրբությունը շատ կարևոր է մեր իրադրությունը հասկանալու համար, իրավիճակը և շատ իրադարձություններ, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Տեսեք, մենք ոչ մեկից չենք շրջվում: Մենք իրականացնում ենք մեր ժողովրդից ստացած մեր պատգամները: Իսկ այդ պատգամն առաջին հերթին ժողովրդավարական բարեփոխումներն են: Եվ ժողովրդավարությունը, ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական հանրության զարգացումը մեզ համար ուղղակի հանգամանքների բերումով առաջացած օրակարգեր չեն: Ես բազմիցս եմ հայտարարել, որ դա մեզ համար ռազմավարություն է, և Եվրոպական խորհրդարանում իմ ունեցած ելույթում ասացի, որ մենք շարունակելու ենք այդ ռազմավարությունների իրականացումը, շարունակելու ենք այդ բարեփոխումները: Եվ ասացի, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի:

 

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ - Կներեք ամեն անգամ այս հարցը առաջ տանելու համար։ Պատճառը, որ ես հարցնում եմ Ռուսաստանի սուր արձագանքի մասին, որը ստացվեց Հայաստանի ՄՔԴ-ին միանալուց հետո, այն է որ․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կներեք, հարցնեմ՝ ո՞ւմ արձագանքի մասին:

 

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Ես խոսում եմ ռուսաստանցի անանուն պաշտոնյայից իմ կատարած մեջբերման մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կներեք, Ձեր մեջբերած աղբյուրը, ռուս պաշտոնյան, անանո՞ւն պաշտոնյա է: Ես ճի՞շտ հասկացա: 

 

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Այո, ՏԱՍՍ-ին տրված մեկնաբանությունն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բայց կներեք, առավել ևս նույնիսկ հղումը կարող եք չուղարկել, որովհետև չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի համար պատշաճ է անանուն աղբյուրի ասածը մեկնաբանել: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ինչքան անանուն աղբյուր կա: Եթե մենք սկսենք անանուն աղբյուրների...

 

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Լավ, ես հասկանում եմ։ Բայց ես նկատի ունեմ դա պետական ռուսական լրատվական գործակալություն է, այն որոշակի ուղերձներ է հղում, և այդ ուղերձներն անտեղի չեն հղվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, եթե աղբյուրն անանուն է՝ նշանակում է այնքան վստահ չէ նրա մեջ, ինչ ասում է: 

 

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ -  Միգուցե։ Բայց այս սուր հարցերը տալու պատճառը ձեր աշխարհագրությունն է․․․ 

ՎարչապետՆիկոլ Փաշինյան – Ես սիրում եմ սուր հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին